Տոնդ շնորհավոր, ՀԱՅԱՍՏԱՆ
27 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» հավանաբար երբևէ մեզ այսքան հպարտ ու շփոթված չէինք զգացել, քանզի սպասում էինք սփյուռքահայ ազատամարտիկ, Արցախյան Գոյամարտի հերոս, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանին, ով ՀՀ Նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» և ԼՂՀ Նախագահի կողմից «Արիություն» մեդալների, ինչպես նաև մի շարք ոչ պետական՝ «Երկրապահ», «Մայրական երախտագիտություն», «Զինվորի պաշտպան» պարգևների:
Շահե Աճեմյանի մուտքը մեր դահլիճ ասես հայրենասիրական ոգով լցրեց ողջ լսարանը: Բոլորը հպարտությամբ դիմավորեցին նրան, այն հայորդուն, ով ծնվելով օտար հողում՝ Բեյրութում, մեծանալով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վերադարձել է հայրենիք՝ կռվելու մեր թշնամու դեմ՝ մեր բարօրության ու խաղաղ երկնքի ապահովման համար: Շահե Աճեմյանը մեծ սիրով, հպարտությամբ, երբեմն էլ հուզվելով պատմեց իր կյանքի պատմությունը, անդրադառնալով Միջին Արևելքի հայ գաղթօջախներին ու այնտեղ ապրող հայերի մասին: Բավականին հուզիչ էին նրա պատանեկության տարիները, որոնք անցել էին Լիբանանում՝ քաղաքացիական պատերազմի տարիներին, ASALA-ի (ՀԱՀԳԲ) տղաներին, վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, Արշավիր Շիրակյանին և այլոց նմանվելու համատարած ոգու ներքո: 1973թ-ը բավականին լավ էր տպավորվել 12 ամյա Շահենի մոտ, երբ Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում սովորականից ավելի երկար պայթյուններ և կրակոցներ լսեց. հետո իմացավ, որ հայերն ի լուր աշխարհի այդպես ազդարարում էին Գուրգեն Յանիկյանի կողմից ԱՄՆ-ում թուրք դեսպանների հանդեպ իրականացրած գործողության մասին: Այնուհետև Շահեն անցել է Սիրիա, եղել է Դեր Զորի անապատներում, որտեղ էլ հայ նահատակների ոսկորների վրա ինքն իրեն ու Աստծուն երդվել է լուծել իր բաժին վրեժը՝ մինչև արդարության վերականգնում ու համարժեք հատուցման օր: Այնուհետև պարոն Աճեմյանը խոսեց իր երիտասարդ տարիների մասին, իր ընկերների, հատկապես Համբիկ Սասունյանի մասին, ով 1982թ հունվարի 28-ին, այսօր արդեն ՀՀ բանակի կազմավորման օրը, ԱՄՆ-ում գործողություն իրականացրեց թուրք դիվանագետի դեմ և դատապարտված է ցմահ ազատազրկման. 18 ամյա այդ հայրենասեր երիտասարդն այսօր 52 տարեկան է բանտում՝ անծանոթ լինելով կյանքի գրեթե բոլոր դրսևորումներին, մինչդեռ շատերն այս ընթացքում ազատվել են, նույնիսկ Հռոմի Հովհաննես Պողոս Պապի դեմ գործողություն իրականացնող թուրքը: Շահե Աճեմյանի խոսքով, այսօր միջոցառումների ետևից ընկնելով, երբեմն անտեսվում է ոչ միայն իրական հերոսը, այլ նաև մարդը, սա է ցավալին: Շատերն են հեղափոխություն ուզում, սակայն այն կիրականանա, եթե հեղափոխության սերունդը լինի, իսկ այն ու ոչինչ անմիջապես չի լինում: 1988թ-ին Հայաստանը բարձրացրեց իր ազատ ինքնորոշման ու անկախության դրոշը, երկրում սկսվեցին ազգային-ազատագրական գաղափարների տարածում և զարգացումներ: ԱՄՆ-ում բնակվող Շահե Աճեմյանն ու Կարո Քահքեջյանը որոշում են ամեն գնով հասնել մեր տղաներին և ինչ որ կերպ օգտակար լինել: Սակայն նրանց գրեթե բոլոր փորձերը ձախողվում էին: Եվ ահա մի օր որոշում են մորուք պահել, հագնել հոգևորականի հագուստներ և նման կերպով ներկայանալով, տեղափոխվել Հայաստան, խնդրելով Պարգև Սրբազանին իրենց ապահովելու համապատասխան աշխատանքով: Սրբազանը պարզելով, որ այս երկու «խենթերն» իրապես հոգևորականներ չեն, նրանց ուղեկցող նամակով գործուղում է Շուշի՝ Բեկորի մոտ: Այստեղից սկսում է նրանց կյանքի համատեղ ու հայրենանվեր պատմության էջերը: Կարո Քահքեջյանն ու Շահե Աճեմյանը հիմնում են «ԽԱՉԱԿԻՐՆԵՐ» ջոկատը, որը, Կարոյի կամքով, հիմնականում համալրվում է թալինցի երիտասարդներով: Համաձայն Կարոյի՝ Սպիտակ Արջի համոզման, խորհրդային Հայաստանում միակ բնակավայրն է, որտեղ դեռ պահպանվել էին հայ ավանդական արժեքները, նամուսը, թասիբն ու հայրենիքի կարոտը և տղաներն էլ այդպիսի դաստիարակություն ստացած կլինեն: Շահեն երկար ու արցունքախառն աչքերով պատմում էր Կարոյի մասին, նրա կրթվածության, 7 լեզուների տիրապետման ու մարտավարական մեծ հմտությունների մասին: Կարոյին ԼՂՀ ղեկավարության կողմից առաջարկվել էր ստանձնելու Արցախի հետախուզությունը, որը սակայն չիրականացավ: Մաղավուզի կռվում Կարոն նահատակվեց՝ ժամեր առաջ վերջին անգամ լուսանկարվելով իր մարտական ընկերների հետ հրասայլի առջև: Ըստ Շահե Աճեմյանի, երկար ժամանակ մենք մեծացել ու ոգևորվել ենք Անդրանիկի, Դրոյի, Գևորգ Չաուշի և մեր մյուս հայդուկների հերոսական կյանքի պատմություններով, այսօր եկել է ժամանակը, որպեսզի մենք փորձենք նրանց կողքին դասել նաև Մոնթեին, Կարոյին և բավականին վերջերս ադրբեջանական դիվերսիոն խմբին վնասազերծած ու հերոսաբար նահատակված Արմեն Հոհաննիսյանի նման տղաներին: Այս խոսքերից հետո դահլիճում ներկա գտնվող տիկին Վեներա Գյուլինյանի՝ «Աբովյանի ուսանողական խորհուրդ» Հ/Կ նախագահի առաջարկով, մեկ րոպե լռությամբ հարգեցինք մեր հերոս նահատակների հիշատակը: Պարոն Աճեմյանին ուղեկցում էր նրա մտերիմ և հայրենադարձ եղած Արմեն Ջորջը, ով մասնակցել է Երասխավանի մարտերին: Նա իր խոսքերով ևս քաջալերեց մեր ուսանողներին ու ոգևորեց մշտապես մեր կողքին լինելու իր հավաստիացումներով: Մեր հանդիպումը տևեց մեկ ժամից քիչ ավելի. մեկ ժամ, որը վառեց մեր մեջ հայրենասիրական ոգին, պատռեց բոլոր վախերը, արթնացրեց մեր մեջ քնած հայեցի հպարտությունը, դրդեց նոր պայքարի ու մղեց հաղթանակի: Մի կենսագրություն, որ պարտավորեցնում էր, մի լեզու, որ խոսում էր հերոսների ձայնով, մի կենսագրություն, ուր այնքան հայրենասիրություն կար, որ անհնար էր չվարակվել: Մեր հանդիպումը Շահե Աճեմյանի հետ ավարտվեց մեր ուսանողուհի Նարինե Մանուկյանի հայրենասիրական երգերի կատարումով, ինչին միացավ ամբողջ դահլիճը: Գրեթե բոլոր ուսանողների անունից ուզում ենք բարձրաձայնել ու մաղթել. «Թող այս հրաշալի ու ավարտական ակորդը հաղթական ավարտ լինի դպրոցի պատմության հերթական մասի և հրաշալի սկիզբ՝ հաջորդի համար»: Մենք հպարտ ենք, որ Հայոց պետականություն կերտողների ժառանգն ենք, պատասխանատու ենք նրանց առաջ ու կանգնած ենք հայրենիքը շենացնելու մեր դիրքերում: Տոնդ շնորհավոր, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ... «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Վիկտորյա Ստեփանյան Անի Մարտիրոսյան |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|