Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում 2016թ-ի հոկտեմբերի 4-ին Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձեռնությամբ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան No 114 դպրոցում կազմակերպվեց "Հայրենասիրության Դաս", որի իրականացման համար դպրոց էր հրավիրվել "Հայոց Արծիվներ" ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:
Հատուկ ուզում ենք նշել, որ պարոն Ասրյանը 2016թ-ի ապրիլյան քառօրյա մարտերից անմիջապես հետո իր զինակից ընկերներով մեկնել է մարտական թեժ գործողությունների գոտի, որտեղ նահատակվել էր նաև տվյալ դպրոցի շրջանավարտ, հայոց բանակի փառապանծ մարտիկներից Ադամ Սահակյանը, ում անունով ՊԳԵԴ-YSSF կազմակերպությունը վերանորոգել ու կահավորել է փառքի և հիշատակի դասարան:
"Հայոց Արծիվների" ղեկավարը, իրեն հատուկ խրոխտ ոգով և ներշնչանքով ելույթ ունեցավ դպրոցի բարձր դասարաններում սովորող պատանիների առջև և իր հայրենասիրական պատգամները հղեց աշակերտներին՝ հարգել ծնողներին, երախտապարտ լինել ուսուցիչներին և սիրեն Հայաստանը:
Հանդիպման ավարտին պարոն Ասրյանը իր կողմից դպրոցին հանձնեց թանկարժեք և բավականին պահանջարկ ունեցող ռազմամարզական գույք, որի շնորհիվ մեր դպրոցականները կլինեն առողջ և կտիրապետեն ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցներին:
Այնուհետև ՊԳԵԴ ղեկավար Գևորգ Մանուկյանի և դպրոցի տնօրեն տիկին Կոստանյանի հետ միասին, պարոն Ասրյանը շրջայց կատարեց Ադամ Սահակյանի անվան դասարանում, ուսումնասիրեց հերոսի կյանքի փառավոր ուղին, ծանոթացավ կատարված աշխատանքներին և իր շնորհակալական խոսքերն ուղղեց ՊԳԵԴ ղեկավարին ու նրա Լոս Անջելեսում գործող մասնաճյուղին, որ ըստ արժանվույնս կարողացել են հատուցել հերոսին ու նրա հիշատակին: