Միջազգային քննարկումներ՝ RSC կենտրոնի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի շնորհիվ՝ ՊԳԵԴ-YSSF մասնակցությամբ
15 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի մայիսի 14-ին « Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Մասիս» սրահում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և «Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոն»-ը (RSC-Regional Studies Center) համատեղ կազմակերպել էին հասարակական քննարկում-քաղաքական բանավեճ՝ «Հայաստանը աշխարհաքաղաքական ճանապարհային խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» խորագրով, որը վարում էր «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:
Օրվա թեմայի շրջանակներում քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերում էին ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը, Մաքսային Միություն մուտք գործելուն, Եվրոմիության հետ համագործակցության հեռանկարներին: Բանավեճին հրավիրված կուսակցությունների պատգամավորները ներկայացրեցին իրենց կուսակցությունների խմբակցությունների դիրքորոշումները՝ նշված խնդիրների հանդեպ իրենց առաջնահերթությունների վերաբերյալ: Որպես բանախոսներ և բանավիճողներ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը: Հանրային քննարկմանը հրավիրված էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների դիվանագիտական կորպուսի մի շարք աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ և հասարակական կազմակերպություններ, ոլորտի մասնագետներ, լրագրողներ, ինչպես նաև պատվիրակներ Թուրքիայից: Մեր երկրի և նրա արտաքին առաջնահերթություններով մտահոգ քաղաքացիների համար խիստ կարևոր այս քննարկմանը մասնակցելու հրավեր ստացել էր նաև «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հ/Կ նախագահ Գևորգ Մանուկյանը, ում խրախուսմամբ և քաջալերանքով նշված բանավեճին իրենց մասնակցությունն ունեցան նաև «ՊԳԵԴ-YSSF»-ի փոխնախագահներ Մկրտիչ Սիմոնյանը, Զորիկ Հանիսյանը, Ալբերտ Գասպարյանը, Հ/Կ քարտուղար Արգինե Հովհաննիսյանը և Գայանե Շիտիկյանը, ով բազմիցս ներգրավված է եղել միջազգային համանման կոնֆերանսների և գիտաժողովների աշխատանքներում, ներկայացնելով մեր հասարակական կազմակերպությունը: Բացման խոսքով հանդես եկավ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Քանան Աթիլգանը, այնուհետև իրենց ելույթներով հանդես եկան մյուս բանախոսները: Տեղի ունեցավ բավականին հետաքրքիր քննարկում, հնչեցին բազմաթիվ սուր հարցադրումներ, իրարամերժ կարծիքներ՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության «օրիենտացիայի» վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում կարևորեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը, էներգետիկ անվտանգության խնդիրը և հստակ ընդգծեց, որ այս ոլորտներում մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է: Միաժամանակ նա նշեց մեր երկրի անվտանգության համար ոչ պակաս կարևոր ոլորտներ, ինչպիսիք են կոռուպցիան, մարդու իրավունքների պաշտանությունը, ժողովրդավարությունը, ազատ և արդար ընտրությունների իրականացումը, խոսքի ազատությունը՝ այս ուղղություններում մեր հիմնական դաշնակից համարելով եվրոպական առաջադեմ հանրությանը և Եվրոպական Միությունը: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում «մեղադրանք» հնչեցրեց եվրոպական պատասխանատու կառույցներին, որ նրանք մինչ օրս բավարարվում են միայն Հայաստանի իշխանություններից միայն դեկլարատիվ՝ «Ողջունում ենք, լիահույս ենք և այլն» ու նման բնույթի հայտարարություններ կորզելով, չպարտադրելով գործնական քայլերի իրականացում նշված ուղղություններով: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Կանան Աթիլգանն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ նմանատիպ հանդիպումներն ու բանավեճերը խիստ անհրաժեշտ են ժողովրդավարության կայացման, ժողովրդավարական արժեքների ներդրման հարցում, ուստի առաջարկեց իր գործըներներին, որպեսզի նրանք լինեն ավելի նախաձեռնող նմանօրինակ հանդիպումները պարբերաբար կազմակերպելու հարցում: «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ն իր շնորհակալությունն է հայտնում RSC կենտրոնին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին՝ մեր տևական համագործակցության և հաստատված փոխադարձ գործընկերային հարաբերությունների համար: Նման բարձր կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս մեր ուսանողներին ձեռք բերել ոչ միայն գիտելիքներ, այլ նաև փորձ և հմտություն: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|