Շուշին ազատագրված է. հաղթանակը մերն է, փառքը՝ հերոսներինը
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության աշխատակազմի նախաձեռնությամբ, 2014թ-ի մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման՝ «Հարսանիքը լեռներում» գործողության սկզբի օրը, կազմակերպվեցին հանրօգուտ աշխատանքներ Եռաբլուր պանթեոնում և մոմավառություն՝ Սրբոց Նահատակաց եկեղեցում:
Հայաստանյան երիտասարդական կազմակերպություններին ուղղված մեր կոչին՝ համատեղ մասնակցելու և միասնաբար իրականացնելու այդ աշխատանքները, արձագանքեց միայն «Աբովյան քաղաքի ուսանողական խորհուրդ» հ/կ-ն, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրա ղեկավար Վեներա Գյուլինյանին:
Այս միջոցառման մասին շարադրված ցանկացած բառ և որոնված միտք անկարող է նկարագրել այն զգացումները, որոնք տիրել էին ողջ պանթեոնով մեկ, որևէ մեկն ի զորու չէ բացատրել այն հոգեկան ապրումները, երբ որևէ շիրիմի մոտ աշխատանքներ տանելիս մոտենում էին նրա ծանոթները կամ ծնողները և ասում. «Մեր տղան է.... Շնորհակալ ենք երեխեք ջան»:
ՀԱՀԳԲ (ASALA) մարտիկների շիրիմների մոտ մեր աշխատանքների ընթացքում պանթեոն այցելած և բազմաթիվ մարտական պարգևների արժանացած սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը, ոգևորվելով մեր նախաձեռնությունից, ևս միացավ մեզ, իսկ վերջում նաև կազմակերպեց փոքրիկ դասախոսություն՝ Արցախյան գոյամարտի և իհարկե, իր մարտական ընկեր Կարո Քահքեջյանի մասին ուշագրավ պատմություններ պատմելով:
Վստահ ենք, Մայիսի 9-ին, ովքեր կայցելեն Եռաբլուր, կնկատեն, որ մեր տղաները բոլորն էլ պատրաստ են նրանց ընդունելու՝ իրենց հպարտ տեսքով, զինվորականին հատուկ կեցվածքով և մաքուր հարդարանքով:
Երախտապարտ ենք Ձեզ, հերոսներ.. Լույս ձեր բոլորի շիրիմներին և հույս ու հավատ՝ ձեր ընտանիքներին...