Տիգրան Ուրիխանյանը Կրթական Կենտրոնի բանախոս
04 Մարտի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2013թ-ի մարտի 2-ին մեր կրթական կենտրոնի հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Նրա հետ միասին մեր Կենտրոն այցելեցին նաև լրատվական ծառայության աշխատակիցներ Վարդան Քոչարյանը, Աննա Ավագյանը և Արսեն Մկրտչյանը:
Օրվա բանախոսն իր հանդիպումը կառուցեց մասնագիտական ճիշտ կողմնորոշում-փայլուն գիտելիքներ-արժանապատիվ աշխատանք բանաձևի շուրջ: Որպես իր անձնական կյանքի օրինակ, նա ներկայացրեց Ուրիխանյան Տիգրան անձի և անհատի կայացման ուղին, ունեցած դժվարություններն ու դրանց հաղթահարման սեփական մոտեցումները, որոնց շնորհիվ բազում անգամներ ունեցել է թե հաջողություններ և թե կորուստներ: ԱԺ պատգամավորը ուսանողներին պատմեց, որ սկզբում, իր ծնողների ցանկությամբ, փորձել է ուսանել բժշկական համալսարանում, բայց այնուհետև ընդունվել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, ուսանելու տարիներին եղել է ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող և դա գործնականում իրականացնող երիտասարդ, ինչի համար բազմաթիվ անգամներ ենթարկվել է կարգապահական տարբեր բնույթի դիտողությունների, որոնք սակայն չեն կոտրել իրեն: Պարոն Ուրիխանյանը նշեց նաև, որ շատ ուսանողների նման, նա էլ է ունեցել ուսման վարձավճարի հետ կապված խնդիր, որի պատճառով նույնիսկ անավարտ է մնացել իր կրթությունը լեզվաբանական համալսարանում: Սակայն դա չի խանգարել իրեն ու հիասթափեցրել, հակառակը, նա այնուհետև ընդունվում և ավարտում է մեկ այլ ԲՈւՀ՝ իրավաբանի մասնագիտությամբ: Այս ամենով հանդերձ, բանախոսը քաջալերեց և ոգևորեց Կրթական Կենտրոնի ուսանողներին սովորել ոչ թե դիպլոմ վաստակելու, այլ գիտելիքներ և փորձ ձեռք բերելու համար, քանի որ դիպլոմը երբեք պիտանի չի լինում աշխատանքում, միայն գիտելիքներն ու դրանց հմուտ կիրառումը: Տիգրան Ուիրխանյանը ներկայացրեց նաև իր անցած քաղաքական ուղին, ներկայացրեց «Հայաստանի Առաջադիմական» կուսակցության ձևավորման ու ինքալուծարման,ինչպես նաև ԲՀԿ-ին միանալու որոշման մասին, որի հիմնադիր նախագահն է եղել ինքը: Այնուհետև մեր Կրթական Կենտրոնի ուսանողները բանախոսին սկսեցին հարցեր ուղղել՝ սկսած կրթական ոլորտից մինչև պետա-իրավական հարցեր: Պարոն Ուրիխանյանն սիրով պատասխանեց բոլորի հարցերին և վերջում հատուկ շեշտեց, որ կրթությունն ու գիտելիքը դրանք կիրառական գործիքներ են և որքան լավ ես տիրապետում դրանց, այնքան բանիմաց ու արհեստավարժ ես լինում կյանքում՝ անկախ ոլորտից ու զբաղեցրած դիրքից: Հանդիպման ավարտին լրատվական ծառայության աշխատակից Վարդան Քոչարյանը մեր Դպրոցի գրադարանին նվիրեց մեր ժամանակակակից գրողներից Լևոն Խեչոյանի «Պատմվածքների ժողովածուն» և Վահան Տերյանի «Սիրո Երգեր»-ի ընտրանին՝ գրքի և խտասկավառակի տեսքով, ինչի համար Կրթական Կենտրոնի ուսանողությունն իր գոհունակությունն է հայտնում ԲՀԿ մամլո ծառայությանն ու նրա աշխատակազմին: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|