2012թ-ի դեկտեմբերի 15-ին Կրթական Կենտրոնի հյուրն էր Մոսկվայի «Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի» շրջանավարտ, Հայաստանում համանուն ակադեմիայի ներկայացուցիչ, պրոֆայլեր-պոլիգրաֆոլոգիայի (ДЕТЕКТОР ЛЖИ) մասնագետ Սպարտակ Պետրոսյանը:
Հանդիպման սկզբում հյուրը նշեց, որ չնայած ինքը քաղաքականությամբ երբևէ չի հետաքրքրվել, այնուհանդերձ ողջունելի է, որ հայ քաղաքական մտքի պատմության և մեր իրականության մեջ կա կուսակցություն, որն ունի իր կադրային դպրոցը, իր կուսակից երիտասարդների և ուսանողների առօրյա խնդիրներով զբաղվելուց զատ, մեծ տեղ է հատկացնում նրանց շարունակական կրթությանը և ինքնազարգացմանը: Այնուհետև տարբեր մտագրոհների շնորհիվ բանախոսը սկսեց իր անմիջական դասախոսություն-թրեյնինգը: Մասնագետին հաջողվեց կարճ ժամանակահատվածում հաստատել վերբալ և վիզուալ կապ լսարանի հետ, ներքաշել նրանց տարբեր իրավիճակային տեսարանների մեջ, որոնց ամփոփումից հետո յուրաքանչյուրը իր համար պարզում էր իր սեփական իմացականի սահմաններն ու նույնիսկ իր ենթագիտակցական հմտությունները իր չիմացականի վերաբերյալ: Սպարտակին հաջողվեց ուսանողների մոտ հստակեցնել 4 փուլի սահմաններ. Մարդու չիմացությունը չիմացականի վերաբերյալ, մարդու իմացությունը չիմացականի նկատմամբ, իմացության իմացականը և վերջում՝ իմացություն չիմացականի մասին:
Դասախոսի ընտրած թեմաներն ու դասավանդման ինտերակտիվ մեթոդները բավականին ուշագրավ էին, արդիական և շատ ուսանելի, իսկ ընտրված տեսանյութերը և փաստավավերագրական լուսանկարները առավել տպավորիչ էին դարձնում տեսական գիտելիքները և նպաստում դրանց ամրապնդմանն ու հնարավոր կիրառմանը:
Հանդիպման ավարտին Կրթական Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանը իր շնորհակալական խոսքում հատուկ շեշտեց այն գաղափարը, որ այսօր գիտելիքն ավելի թանկ է, քան ոմանց կողմից այդքան բաղձալի դիպլոմն ու հավաստագիրը՝ առանց դրա իրական պարունակության ու բովանդակության, իսկ համանման հմտություններ հաղորդող մասնագետներն այսօր ամենապահանջարկված մարդիկ են ողջ աշխարհում: Պարոն Մանուկյանը հույս հայտնեց, որ առաջին դասախոսությունը հիմք կդառնա նոր կրթական-մասնագիտական բարեկամության՝ մեր Կենտրոնի և Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի միջև, ինչը կնպաստի ինչպես որակյալ գիտելիքի տարածմանը՝ ըստ նշանակության և կիրառման, այնպես էլ նրա արժևորված ընկալմանն ու հայ երիտասարդի ու քաղաքական գործիչների կայացմանը
...
Կարդալ »»»