2012թ-ի նոյեմբերի 24-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի բանախոսն էր մոսկվաբնակ հայազգի կինոլրագրող, «Նոյան Տապան» շարժական կինոակումբի ղեկավար Գայանե Օսիպովան: Հանդիպման առիթը բեմադրիչ Լյուդմիլա Տեմնովայի:
"Мерилин Монро в стране Достоевского" (Մերլին Մոնրոն Դոստոևսկու երկրում) ֆիլմի ցուցադրությունն էր:
Կրթական Կենտրոնի ուսանողները ֆիլմի շնորհիվ տեղեկացան Մերլին Մոնրոյի կյանքի ու գործունեության այն մանրամասներին, որոնք երբեք չեն հրապարակվել ու հայտնի են շատ քիչ քանակությամբ մարդկանց: Ֆիլմի ստեղծողներին հաջողվել է Նորմա Ջին Բեյքերին ներկայացնել նոր լույսի ներքո՝ մտավորականի, ստեղծագործողի ու մտածողի կերպարում, կին, ով անտարբեր չէր աշխարհում տեղի ունեցող իրադրձությունների և մարդկային խնդիրների հանդեպ, անհատ, ով ունեցավ դերակատարում նույնիսկ որոշ քաղաքական ու նույնիսկ հետախուզական գործողությունների ծավալման վրա և գուցե դարձավ դրանց զոհը:
Որքան էլ տարօրինակ էր, բայց ֆիլմի ցուցադրությունից հետո իրենց զգացումներն ու արցունքները չէին կարողանում զսպել ոչ միայն Կենտրոնի ուսանողները, այլ նաև ֆիլմը բազմիցս դիտած հեղինակները:
Ֆիլմում արծարծված բազում խորիմաստ մտքեր առիթ տվեցին ուսանողներին վերանայել ու վերլուծել իրենց անձնական բացթողումները, թերություններն ու հաջողությունները, որոնք կօգնեն նրանց ավելիին հասնելու իրենց բարդ ճանապարհին:
Չթերագնահատելով ֆիլմում հնչած բոլոր կարծիքներն ու մտքերը, առավել հիշարժան էր ֆիլմի վերջում արված արտահայտությունը. «Եթե ուզում եք կայանաք ու հասնեք լույսին, ուրեմն անպայման պետք է տառապեք»: