Շաբաթ օրը, նոյեմբերի 24-ին, ժամը 15.00-ին մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հյուրն է լինելու Մոսկվաբնակ հայազգի կինոլրագրող, «Նոյան Տապան» շարժական կինոակումբի ղեկավար Գայանե Օսիպովան:
Դպրոցի բանախոսը ներկայացնելու է "Мерилин Монро в стране Достоевского" (Մերլին Մոնրոն Դոստոևսկու երկրում) փաստավավերագրական ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու բեմադրիչն է Լյուդմիլա Տեմնովան:
Ֆիլմը ներկայացնում է մի կնոջ պատմություն, ով իր մանկությունն անցկացրել է մանկատներում, երբևէ չի տեսել իր հորը, իր վաստակած բոլոր գումարներներն ուղղել է իր շարունակական կրթության ապահովմանն ու մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, ով միայնակ է անցել իրեն բաժին հասած դժվարությունների միջով ու կայացել կյանքում: Եվ այդ կնոջ անունն է Նորմա Ջին Բեյքեր, որն ավելի շատ բոլորին հայտնի է որպես Մերլին Մոնրո:
Ֆիլմում առաջին անգամ կներկայացվի Մոնրոյի կապերը ռուս պաշտոնյաների ու գործակալների հետ, ինչպես նաև շատ ու շատ հետաքրքիր փաստեր, որոնք օգնել են նրան կյանքի հատակից բարձրանալ մինչև ամենավերին օղակներ: Նրա կյանքի որոշ դրվագներ, կարծում ենք, կարող են դառնալ օրինակ՝ իրենց համար ինքնուրույն ուղի հարթող յուրաքանչյուր երիտասարդի, հատկապես կին գործիչների համար: