Հունիսի 24-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովը: Վերջինս կազմակերպվել է Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի ջանքերով:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Օհանյանը: Բանախոսը ներկայացրեց թեմայի, խնդրի կարևորությունը և գիտաժողովի անհրաժեշտությունը տարածաշրջանում:
Ելույթով հանդես եկավ ԵՄ պատվիրակության նախագահ, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ով անդրադարձավ խնդրի կարևորությանն ու բարձրաձայնմանը հատկապես Հայաստանում, հնարավոր արդյունավետ և համամարդկային ուղիների որոնմանը քաղաքական խաչմերուկներում, միջազգային լսարաններում:
ԱՄՆ Մարթին ինստիտուտի տնօրեն, Սթոնհիլ քոլեջի պրոֆեսոր Փիթեր Ուբերտասսիոն նույնպես շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին` լիահույս լինելով, որ այն դեպի խաղաղասիրություն տանող ճանապարհ կհանդիսանա համաշխարհային քաղաքական կոնֆլիկտների հաշտեցման առումով: Նա ուրախ է Սթոնհիլ քոլեջի ուսանողներին ընձեռված հնարավորության համար, ովքեր իրենց ծավալուն հետազոտություններն են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում` ուսումնասիրելով երկիրը ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև մշակութային:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և հրավիրյալ օտարերկրյա փորձագետներին:
Նա մասնավորապես ընդգծեց, որ գիտաժողովին բարձրացված հարցերը կարևոր են ոչ միայն մեր հանրապետության, այլ նաև ողջ աշխարհի համար:
Համաժողովի բանախոսներն էին Բաբկեն Դեր-Գրիգորյանը (Լոնդոնի տնտեսագիտության դպրոց, ՄԲ), Ռիչարդ Գիրագոսյանը (Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, ՀՀ), Ստեփան Խզրթյանը (Բանակցության երևանյան կենտրոն, ՀՀ), Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ), Փիթեր Ուբերտասսիոն (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Բենջամին Քոլը (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Աննա Օհանյանը (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Իզաբելլա Սարգսյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ):
ՊԳԵԴ-YSSF կազմակերպության երիտասարդները կոնֆերանսի ավարտին մեծ ուրախությամբ նշեցին, որ նման ձևաչափի կոնֆերանսները ոչ միայն գիտականորեն, այլև գործնականորեն մեծ փորձ և հմտություն են հաղորդում իրենց, իսկ օտարերկրյա երիտասարդների և մասնագետների հետ շփումները անգնահատելի ազդեցություն են թողնում իրենց մասնագիտական աճի և մարդկային տեսակի կատարելագործման վրա: