Օրեր առաջ Պետական Գործիչների Դպրոցի մասնագետները` Հայաստանում Ֆրանսիական քոլեջի տնօրինության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում, կրթօջախում իրականացրեցին հերթական սեմինար հանդիպումը:
Հաճելի էր նկատել, որ այս հանդիպման ժամանակ ներկա էին նախատեսվածից ավելի շատ սովորողներ, որոնք հետաքրքրված էին թե մեր Դպրոցով, և թե մեր ներկայացրած դասի բովանդակությամբ:
ՊԳԵԴ-YSSF-ի դասընթացավար, կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ Լաուրա Ավետիսյանն այդ օրը սովորողներին ներկայացրեց «Հաջողության հասնելու արվեստ՝ ինքնածրագրավորման շնորհիվ» խորագրով դասընթացը:
Դասընթացի հենց սկզբից շատ բուռն քննարկումներ սկսվեցին մեր պատանիների հետ` «Հաջողություն և հաջողակ մարդու» սահմանումների շուրջ: Պարզվեց որ յուրաքանչյուրն ուներ իր պատկերացումը նման անհատի վերաբերյալ և նույնիսկ ուներ իր պատկերացրած հայտնի հերոսին` քաղաքական, հասարակական, մարզական կամ շոու աշխարհում:
Այնուհետև, որքան էլ որ անսպասելի էր, բավականին լուրջ բանավեճ ընթացավ այն հատվածում, երբ մեր մասնագետը ներկայացրեց ինքնածրագրավորման և այլ մարդկանց վրա ներազդելու հնարքներին, դրանց հնարավորություններին, թույլատրելիության սահմաններին, ինչպես նաև կիրառման հաճախականությանը վերաբերող հարցերին: Սովորողներն այնքան էին ոգևորվել նյութով և ներառվել դասապրոցեսի մեջ, որ ՊԳԵԴ-YSSF-ի ղեկավար Գևորգ Մանուկյանի միջամտությունը նույնիսկ երբեմն չէր հանդարտեցնում սեփական տեսակետը պնդող սովորողներին, ինչն ավելի հետաքրքրական էր դարձնում սեմինարը:
Սեմինարին մասնակցում էր նաև մեր Դպրոցի հոգեբաններից Անի Ավագյանը, ով սովորողների ուշադրությանը արժանացրեց «Հաջողակ մարդու մտածողության առանձնահատկությունները» հատվածին, որի շուրջ քոլեջի սովորողները սկսեցին կատարել իրենց սեփական վերլուծությունները:
Սեմինարի ավարտին մեկ տասնյակից ավելի սովորող դեռ շարունակում էին քննարկումը իրենց խմբերում, որը առիթ տվեց մեր մասնագետներին առավել մտերմիկ պայմաններում զրուցելու, մեկ անգամ ևս հստակեցնելու օրվա դասախոսության ասելիքն ու նպատակը:
Կարելի է վստահորեն արձանագրել, որ Պետական Գործիչների Դպրոցի և Հայաստանում Ֆրանսիական քոլեջի սովորողների միջև արդեն իսկ ձևավորվել է գործընկերային և մտերմիկ ընկերային փոխհարաբերություններ, որոնք անհրաժեշտ են զարգացնել և նպատակաուղղել մեր պատանիների մասնագիտական, անհատական որակների ամրապնդմանն ու զարգացմանը: