ԱՄՆ ՀԱՅԱԶԳԻ «ԵՐԿԱԹՅԱ ԼԵՅԴԻՆ»
22 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Оրեր առաջ Հայ Կանանց Միջազգային Միության (AIWA) Լոս Անջելեսի մասնաճյուղի կազմակերպմամբ իրականացվեց ամիսներ առաջ ԱՄՆ պետական, կառավարական «ELLIS ISLAND» պատվո պարգևի արժանացած հայազգի պետական, հասարակական գործիչ Լիլի Ռինգ Պալյանի մեծարման երեկոն:
«Էլիս Այլընդ» շքանշանը ԱՄՆ կառավարության կողմից շնորհվում է Միացեալ Նահանգների Ազգային Կազմակերպութեան Խորհրդի կողմից, նպատակ ունենալով գնահատելու, կարևորելու ցեղային, ազգային եւ կրոնական տարբեր համայնքների միջեւ փոխադարձ հասկացողության, հանդուրժողականության սերմանման ու միմյանց հանդեպ հարգանքի ամրապնդման գործունեությունը: Շքանշանը բացառապես շնորհվում է այն ազգային և պետական գործիչներին, ովքեր ԱՄՆ-ին մատուցած ծառայություններից զատ, առանձնահատուկ և ընդգծված ներդրում ունեն նաև իրենց ազգային համայնքների կյանքի մէջ: Երեկոյի ընթացքում իրենց շնորհավորական ելույթներում հայ համայնքի մի շարք կարկառուն հասարակական, քաղաքական գործիչներ, պետական ծառայողներ, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, դատական բարձրագույն մարմինների հեղինակավոր իրավաբաններ և հոգևոր դասի ներկայացուցիչներ նշեցին տիկին Բալյանի մատուցած բազմաթիվ ծառայությունները, որոնք նա մատուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ԱՄՆ հայ համայնքին և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, որի շնորհիվ ի գնահատանք երկար տարիների մատուցված ծառայությունների, դեռևս 2004թ-ին Լիլի Բալյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից պարգևատրվել է նաև «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանով: Լիլի Բալյանն իր բուռն կենսագրության շուրջ երեք տասնամյակը նվիրել է հասարակական, պետական գործունեությանը եւ ԱՄՆ քաղաքական-ընտրական արշավների կազմակերպմանն ու իրականացմանը: Ներկայումս էլ նա բավականին արդյունավետ շարունակում է օգտակար լինել ԱՄՆ կառավարությանը, հանդիսանալով որպես համապետական, քաղաքական և ազգային քարոզարշավների խորհրդատու: Նա հայտնի է նաև ամերիկյան և ամերիկահայ լրատվամիջոցներում տպագրված իր հոդվածներով, հանդես գալով որպես անկախ գրող: Իր մասնագիտական գործունեությունը տիկին Բալյանն սկսել է վաղ տարիներից՝ շուրջ 16 տարի եղել է պատվելի Էվել Ջ. Էանկի Կրտսերի գործադիր օգնականը, երբ վերջինս հանդիսացել է Լոս Անջելեսի շրջանային դատախազ (1964-1970), իսկ այնուհետև նաև Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազ (1971-1979): 1980 թ.-ին Լիլի Բալյանը տեղափոխվել է Վաշինգտոն և ակտիվ դերակատարում է ունեցել նախագահներ Ռ.Ռեյգանի և Ջ.Բուշի քարոզարշավների ընթացքում: 1982թ-ին արդեն ԱՄՆ Նախագահ Ռեյգանը նրան նշանակում է 15 հոգուց բաղկացած Չափահասների Կրթության Ազգային Խորհրդատվական մարմնի անդամ (1982-1988), որից հետո, տարիներ անց, Լիլի Բալյանն ընտրվում է այդ մարմնի վարչական ղեկավար՝ ատենապետուհի (1985-1988): Իր պետական ծառայության հետ զուգընթաց, տիկին Բալյանը շարունակում է հասարակական գործունեությունը և կամավոր մասնակցում, աջակցում Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնի համար Փիթ Ուիլսընի մղած ընտրապայքարին, որի ընտրվելուց հետո նահանգապետ Ուիլսընը նրան նշանակում է Կալիֆորնիայի Կանանց Հարցերի հանձնաժողովի անդամ (1991-96), իսկ 1994թ-ին ստանձնում է այդ հանձնաժողովի ատենապետի պաշտոնը։ Իբրեւ այս հանձնաժողովի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված պատվիրակ, տիկին Պալյանը 1995-ին Չինաստանում մասնակցում է ՄԱԿ-ի Կանանց Միջազգային Ասոցիացիայի չորրորդ համաշխարհային կոնֆերանսին: 2006թ-ից տիկին Լիլի Բալյանն ընտրվել է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի թեմական խորհրդի անդամ, իսկ 2008թ-ից այդ խորհրդի քարտուղարն է: Անկախ ներկայումս ունեցած իր պատկառելի տարիքի, տիկին Լիլի Բալյանն ունի բավականին մեծ փորձառություն և գիտելիք, որպեսզի ուսուցանի, խորհուրդներ և մի շարք կնճռոտ խնդիրների հանգուցալուծումներ առաջարկի երիտասարդ հասարակական ու պետական շատ գործիչների, որոնք դեռ նոր են սկսում իրենց կայացման ուղին կամ նույնիսկ արդեն հասցրել են ունենալ որոշակի հաջողություններ: Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հ/Կ հիմնադիր Գևորգ Մանուկյանն իր գոհունակությունը հայտնեց տիկին Բալյանին հանդիպման համար, մաղթեց նրան առողջ և արգասաբեր տարի, հույս հայտնելով առաջիկայում հյուրընկալել Լիլի Բալյանին նաև «ՊԳԵԴ-YSSF» հասարակական կազմակերպության հարկի ներքո՝ մեր երիտասարդների հետ կիսվելու իր փորձառություններով և գիտելիքներով: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|