Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը շարունակում է իր ամառային արտագնա հանդիպումների շարքը պետական, քաղաքական, հասարակական ու մտավորական գործիչների հետ: Մեր հերթական հանդիպում-քննարկումն այս անգամ տեղի ունեցավ «Վերելք» ակումբի ղեկավար Արծրուն Պեպանյանի և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ՝ «Ճգնաժամերի կառավարում և հաղթահարում» թեմայի շուրջ:
Բանախոսներից պարոն Մեսրոբյանի հետ ՊԳԵԴ Հ/Կ-ն վաղուց հաստատել է գործընկերային կապեր, որի շնորհիվ մինչև դասախոսությանն անցնելը, կառավարման փորձագետը մտերմիկ առանձնազրույց ունցավ մեր Հ/Կ ղեկավար կազմի հետ, կիսվեց որոշ գիտելիքներով, հայտնեց իր մշտական պատրաստակամության մասին՝ հետայսու ևս աջակցելու և դասավանդելու մեր ուսանողներին:
Հանդիպումն սկսվեց Արծրուն Պեպանյանի խոսքով, ով հայտնեց իր մտահոգությունները մեր երկրում տիրող ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ, որոնք տեղ են գտել գրեթե բոլոր ուղղություններում՝ ներքին, արտաքին, տնտեսական, քաղաքական, ինչպես նաև անդրադարձ կատարեց ոչ մասնագետների համատարած դերակատարմանը շատ կարևոր ոլորտներում, որի «շնորհիվ» մենք արձանագրում ենք բավականին լուրջ ձախողումներ: Պարոն Մեսրոբյանը, լրացնելով իր գործընկերոջը, ավելացրեց, որ եթե ցանկացած պաշտոնյայի իրավունքներին զուգահեռ բարձրացվի նրանց պատասխանատվության չափը, ապա դժվար թե ամեն օր մեր երկրում կարթնանա պաշտոնյա դառնալու մեծ ցանկությամբ տառապող այսքան ոչ մասնագետների բանակ ու քանակություն: Շարունակելով իր խոսքը, պարոն Պեպանյանը ուշագրավ մտքեր հայտնեց «Պահպանողական հեղափոխության» տեսության մասին, սակայն նշեց, որ դրա մասին առավել ընդգրկուն առիթ կլինի զրուցել առաջիկա հանդիպումների ընթացքում:
Կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը բավականին լուրջ վերլուծություններ և միջազգային օրինակներով լեցուն համադրումներ կատարեց, որպեսզի մեզ բոլորիս առավել հասկանալի ու մատչելի լինի ճգնաժամ երևույթը, նրա կառավարման մեխանիզմը և հաղթահարման ուղիները: Որքան էլ տարօրինակ էր, նա կարողացավ մեզ համոզել ընդունելու ճգնաժամերի անխուսափելիությունը: Ըստ բանախոսի, ցանկացած թռիչք, վերելք, դա ճգնաժամի հետևանք է: Այսինքն ցանկացած թռիչքի նախորդել է ճգնաժամ, սակայն միշտ չի, որ ամեն ճգնաժամի հաջորդում է թռիչք. Ճգնաժամեր կան, որ հանգեցնում են կործանման: Համաձայն այս տեսության, փորձագետը պնդեց, որ աշխարհում ցանկացած համակարգ միշտ էլ հայտնվում է ճգնաժամի մեջ, սակայն այդ համակարգի որակյալ լինելը պետք է չափվի ոչ թե նրանով, թե նա արդյոք հաճախ է հայտնվել ճգնաժամի մեջ, թե ոչ, այլ նրանով, թե ինչպես է իրեն պահել ու դրսևորել համակարգը ճգնաժամի ժամանակ և ինչ հետագծով՝ տրաեկտորիայով է դուրս եկել նրանից: