2014թ-ի փետրվարի 22-ը երկար կհիշվի «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ուսանողների կողմից: Այդ օրը մեր Դպրոցի բացառիկ հյուրն էր «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան, մի քանի հեռուստանախագծերի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը: Մեր ուսանողներն ստացել էին աննախադեպ հնարավորություն ցուցադրելու Դպրոցում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու հմտությունները, կիրառել քաղաքական ու դիվանագիտական տարբեր հնարքներ, որպեսզի բանախոսից ստանային իրենց հուզող հարցերի հնարավորինս անկեղծ ու լիարժեք պատասխանները: Իսկ որ դա երբեմն ստացվում կամ չէր ստացվում, ավելի հետաքրքիր էր դարձնում հանդիպումը, կողմերին մղում էր նորանոր և թեժ հարց ու պատասխանի:
Հանդիպման առաջին իսկ րոպեներից ակնհայտ դարձավ, որ բանախոսը տրամադրված է անկաշկանդ ու համարձակ զրույցի, առանց տարրակուսելու, որ իր անձնական մտքերը կարող են հետագայում տարբեր ընկալումների կամ մեկնաբանությունների առիթ դառնալ:
Պարոն Ղազարյանը, իր խոսքի առաջին հատվածում նախ առանձնացրեց մեր իրականության մեջ պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին ու պետական գործիչներին, որոնց տվեց իր սեփական սահմանումներն ու նրանց ներկայացվող պահանջները: Այս առումով բավականին ուշագրավ էր նրա կողմից ոմանց հասցեագրված «Շուստրի գործիչներ» սահմանումը, որոնք, ըստ մեր հյուրի, թույլ անձինք են լինում սովորաբար, ովքեր տարբեր մանևրների միջոցով փորձում են հասնել ինչ-ինչ դիրքերի կամ պահպանել դրանք՝ տարբեր անարդար մեթոդներով, մոռանալով, որ իրենց ձեռք բերած հաջողությունները ժամանակավրեպ են ու շատ կարճ, քանի որ ինչ որ ժամանակ անց նրա թույլ տված բոլոր անարդարություններն ու սխալ արարքներն, իրենց ողջ հասակով մեկ, անպայման մի օր կանգնելու են հենց դրա հեղինակի առջև: Ուստի բանախոսը խորհուրդ տվեց բոլորին, որտեղ էլ որ նրանք լինեն և որ բնագավառում, միշտ պահպանեն իրենց սեփական ես-ն ու տեսակը, մարդկային բոլոր սկզբունքներն ու բարոյական նորմերը, որքան էլ որ դրա պատճառով հետաձգվի նրանց առաջխաղացումը: Պարոն Ղազարյանն իր ասելիքը հիմնավորելու նպատակով օրինակ բերեց ոչ վաղ անցյալի մի քանի փաստեր և գործիչների, երբ թիմակիցների կողմից տևական ժամանակ բազմաթիվ ծափողջյունների արժանացած հեղինակավոր մարդիկ մի օր հայտնվում են միայնության մեջ, իսկ թիմակիցները նրան հիշեցնում են իր գործած «մեղքերը», ամբողջը բարդելով միայն ու միայն հենց այդ մեկի վրա:
Օրվա բանախոսն անդրադարձավ նաև մեր երկրի պետական կառուցվածքին, նրանում գործող հակակշիռների ու զսպումների մեխանիզմներին և ուսանողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաների ժողովուրդը չի ընտրում, նրանք նշանակվում են երկրի նախագահի կողմից և քաղաքացիները գրեթե միշտ ինչ որ բան են պահանջում այդ պաշտոնյաներից, որոնք ոչ մի կերպ երախտապարտ չեն իրենց դիրքով ու կարգավիճակով հասարակությանը: Նրանք աշխատում և պատասխանատու են միայն իրենց նշանակողի համար ու նրան ձեռնտու լինելու սահմաններում, ուստի երբ նշանակողը գոհ է կոնկրետ պաշտոնյայի գործունեությունից, ապա հասարակության դժգոհությունը, ճիշտ է, անհրաժեշտ է, սակայն իրավիճակը փոխելու նրանց շանսերը շատ քիչ են: Այսինքն, բանախոսի պնդմամբ, մեր պետական համակարգը անպատասխանատու է ժողովրդի նկատմամբ, ուստի այդ միջավայրում անհնար է ունենալ ժողովրդի նկատմամբ պատասխանատու գործիչներ ու պաշտոնյաներ:
Պարոն Ղազարյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում գործող քաղաքական կուսակցություններին ու նրանց գործելաոճին, վեր հանեց նրանց սխալները, որոնց մեծ մասը գրեթե բոլորի մոտ կրկնվում է: Հատկապես մեր հյուրն անդրադարձավ կուսակցությունների կողմից ներկայացված համամասնական ցուցակներին, որտեղից երբեմն պարզ չի լինում, թե ով է լինելու կոնկրետ տվյալ կուսակցության կողմից ներկայացվող կառավարության ապագա վարչապետը կամ որևէ ոլորտի նախարարը, որի պատճառով էլ ժողովուրդն ընտրում է որևէ կուսակցության՝ ըստ այդ ցուցակի, սակայն ընտրություններում հաղթելուց հետո այդ ուժը կոնկրետ պաշտոններին նշանակում է անձանց, ովքեր ոչ միայն այդ ցուցակում չեն եղել, այլ նաև իրենց նշանակման համար որևէ կերպ պատասխանատվություն չունեն ոչ ժողովրդի և ոչ էլ հենց այդ կուսակցության հանդեպ, այլ միայն այդ կուսակցապետին, ում բացարձակ կամքով ու ցանկությամբ նա նշանակվել է: Ըստ Պետրոս Ղազարյանի, սա խոսում է նրա մասին, որ ՀՀ-ում չկա պետական մտածելակերպ, այլ գերակշռում է բիզնեսը՝ պետական մտածելակերպի մեջ: Դրա պատճառով է նաև, որ մեր իշխանությունները հաճախ ադեկվատ չեն ու ոչ էլ հաղորդակից ժողովրդի շահերին ու պահանջներին:
Պետք է նշենք, որ հանդիպումն անցավ բավականին բուռն ու հարցերով լեցուն ձևաչափում, հնչեցին համարձակ մտքեր և նույնիսկ ինչ որ բան փոխելու կոչեր, որին պարոն Ղազարյանն արձագանքեց, որ միշտ հարկավոր է մասնակցել որոշ շարժումների, ակցիաների և հասարակական նախաձեռնությունների, պետք է որևէ բան անել ու գործել, որ եթե նույնիսկ երկրում ոչինչ էլ չստացվի փոխել, ապա գոնե որևէ բան կարվի մարդկանց ներքին ու բովանդակային փոփոխության համար: