«Ադրբեջանի ռազմականացման հարցերը և մեր պատասխանները»
11 Նոյեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2013թ-ի նոյեմբերի 8-ին «Պետական Գործիչների Դպրոց»-ի հրավերով երիտասարդներին այցելեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը: Բանախոսի դասախոսությունը նվիրված էր հայ երիտասարդությանն ու մեր հանրությանը մտահոգող շատ կարևոր՝ «Ադրբեջանի ռազմականացման հարցերը և մեր պատասխանները» հիմնախնդրին:
Ի ուրախություն մեզ, պարոն Հովհաննիսյանին ուղեկցում էր նաև իրավաբան, ռազմական պատմաբան Մհեր Հակոբյանն, ով իր ուշագրավ պատմական ու փորձագիտական, ինչպես նաև հայոց ռազմարվեստի առանձին դրվագների մասին լրացումներով հարստացրեց հանդիպման բովանդակությունը: Իր դասախոսությունն սկսելուց առաջ պարոն Հովհաննիսյանը կարևորեց երիտասարդների շրջանում պետականամետ գիտելիքների ձևավորման գործընթացը, երկրում նման մտածելակերպով երիտասարդների մեկտեղման գործունեությունը և հույս հայտնեց, որ իսկապես «Պետական գործիչների դպրոցին» կհաջողվի ձևավորել նման արժեհամակարգով հանրություն, որի անդամների համար պետական շահերը միշտ վեր են լինելու ամեն տեսակ այսօրէական կամ խիստ նյութականացված արժեքներից: Ողջունեց դպրոցի ուսանողներին և վստահեցրեց՝ նրանց այսօրվա գործունեությունը հատկապես կկարևորվի որոշ ժամանակ անց ու պետք է համարձակորեն ասել, որ «Պետական գործիչների դպրոցն» այլևս մտել է հայ քաղաքական պատմության մեջ՝ որպես գործունեության միջոց, հասարակական գործունեության տեսակ և որակյալ երիտասարդություն ունենալու ակնկալիքի շուրջ համախմբված կրթօջախ: Առանձնապես ուզում ենք նշել պարոն Հովհաննսիյանի հետևյալ խոսքերը «Այս դպրոցի գոյությունը ռազմավարական ներդրում է մեր երիտասարդության ու իրականության մեջ, որը շուտով պետք է վերափոխվի մարտավարության»: Նա ցավով արձանագրեց, որ մի քանի հարյուրամյակ պետության բացակայության, իսկ այնուհետև խորհրդային տարիներին մենք տանուլ ենք տվել մեր պետականամետ սերունդը, որը պետք է վերստին վերականգնել ու լայն ասպարեզ հատկացնել հատկապես այն մարդկանց, ովքեր արթանցել են, սովորել ու աշխատել են մեր օրհներգի ու եռագույնի ներքո, ում համար Հայաստանն ու հայկականությունը վեր են ամեն տեսակ քաղաքական շահախնդրություններից: Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչները պետական ու ազգային շահերը պետք է վեր դասեն ամեն ինչից, քանի որ պետք չէ թաքցնել, այսօր ունենք պետական մտածողության, պետականակենտրոնության խնդիրներ և համաշխարհային համահարթեցումն էլ ստեղծում է լրացուցիչ վտանգներ մեզ համար: Իսկ պետականամետությունը բերում է մտածելակերպ, ձևավորում է ավանդույթներ և ինստիտուտներ: Այնուհետև բանախոսն անցավ հանդիպման հիմնական հարցերին: Նա հատուկ ու բազմիցս կրկնում էր, որ Հայաստանը դեռևս գտնվում է պատերազմական վիճակում, ճիշտ է, չկան ակտիվ մարտական գործողություններ, սակայն որևիցե օր բացառված չէ դրանց վերսկսումը և ի հեճուկս դրան, հակառակորդն էլ տենդագին զինվում է, դեռ ավելին, փորձում է իր շարքերում կարևոր տեղ զբաղեցնող, բայց պարտված սերնդի փոխարեն առաջ քաշել այնպիսիներին, ովքեր տեղյակ չեն իրենց անփառունակ կենսագրությանը և չեն էլ զգացել պատերազմի ծանր հետևանանքերն իրենց վրա, հետևաբար գաղափար էլ չունեն իրենց պարտության գաղափարաքաղաքական պատճառներից: Այս պատճառով պարոն Հովհաննսիյանը խորհուրդ տվեց երբևէ չթերագնահատել թշնամուն, բայց նաև պարտադրեց, որ երբեք էլ պետք չէ նրան գերագնահատել: Այսինքն պետք է զգուշանալ, բայց ոչ երբեք վախենալ: Ըստ ռազմական վերլուծաբանի, բոլոր պարամետրերով մենք դոմինանտ ենք, նույնիսկ ներկա անհամաչափ զինվածության պայմաններում: Պարոն Հովհաննիսյանն հատուկ ընդգծեց, որ մենք, ապրելով մեր բնօրրանում, դեռ վերջնականապես չենք կարողացել լուծել մեր ազգի ապրելու իրավունքը, որին պարբերաբար սպառնում են մեր հարևանները և այդ ամենը մենք ժառանգել ենք մեր նախահայրերից, որոնց տարբեր պաճառներով չի հաջողվել մեկընդմիշտ լուծել այդ խնդիրը, դրա համար բանախոսը հիշատակեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Եվրոպացիներն իրենց լինել-չլինելու կռիվն արդեն տվել են, ուստի իրենք կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ…. և եթե մեր ամեն սերունդ իր կռիվը տար մինչև վերջ, մենք այսքան խնդիր չէինք կուտակի ներկա սերնդի համար»: Այնուհետև պարոն Հովհաննիսյանը երիտասարդների հետ կիսվեց մի շարք այլ կարևոր իրադարձություններով, ազգային անվտանգության տեսանկյունից կարևորություն ներկայացնող խնդիրներով, ինչպես նաև Հայաստանի մարտական ու ռազմական պատրաստվածության հետ կապված որոշ տեղեկություններով, որոնք արթնացրեցին մի շարք կարևոր հարցադրումներ մեր ուսանողների մոտ, ովքեր ակտիվ հարցերի միջոցով ստացան մի շարք կարևոր այլ տեղեկություններ ևս, ընդհուպ հայ ռազմագերիների, նրանց ճակատագրերի ու հայկական կողմի պատասխան քայլերի վերաբերյալ: «Պետական գործիչների դպրոցն» իր հատուկ շնորհակալությունն է հայտնում պարոն Հովհաննիսյանին՝ անշահախնդիր դասախոսության և հատկապես բոլոր հայորդիների համար իր գիտելիքներով կիսվելու պատրաստակամ լինելու համար: Նման գործելաոճի շնորհիվ իսկապես ավելի ենք հավատում, որ 21-րդ դարը մերն է լինելու: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|