«Պետական գործիչների դպրոց» ծրագրի շրջանակներում մեր ուսանողներն ուսումնասիրում են նոր առարկա՝ «Կառավարման հոգեբանություն»: Մեր ուսանողներին այդքան հետաքրքրող բնագավառի մասին իր գիտելիքներով և դասախոսություններով կիսվում է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողուհի Սոֆյա Մարտիրոսյանը:
Դասավանդվող առարկան իր մեջ պարունակում է այնպիսի կարևոր գիտելիքներ, որոնք կօգնեն մեր ուսանողներին և երիտասարդ քաղաքական գործիչներին իմանալ անձի տեղն ու դերը կառավարման համակարգում, ձեռք կբերեն հմտություններ՝ միտված անհատի ինքնագնահատականի բարձրացմանը, կծանոթանան այնպիսի կարողությունների հետ, որոնք կօգնեն կառավարել իրենց զգացմունքները, ամրացնել կամքն ու հստակեցնել աշխատանքային գործունեության առաջնահերթությունները:
Ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն նաև այնպիսի երևույթների մասին գիտելիքները, որոնք հաղորդում են տեղեկություններ որոշումների կայացման, դրանց ընթացքում մարդկանց փոխազդեցությունների և դրանց ազդեցության տակ կայացրած որոշումների, ինչպես նաև դրսևորած վարքագծի վերաբերյալ, լիդերի և ղեկավարի կառավարչական հմտությունների, դրանց տարբերությունների ու առանձնահատկությունների մասին:
Դասախոսություններում առանձնահատուկ տեղ են գրավելու այնպիսի թեմաներն ու քննարկումները, որոնք վերաբերվում են կոնֆլիկտներին, դրանց փուլերին, զարգացմանն ու սառեցմանը, հանգուցալուծման եղանակներին ու դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև կոնֆլիկտների կառավարման արվեստին:
«Պետական Գործիչների Դպրոցը» շնորհակալություն է հայտնում բոլոր այն երիտասարդ մասնագետներին, ովքեր անշահախնդրորեն պատրաստ են իրենց գիտելիքներով և հմտություններով կիսվել մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողների հետ: