Կրթական Կենտրոնը հաստատում է գործընկերային կապեր
11 Փետրվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2013թ-ը ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի համար նոր գործընկերներ և երիտասարդական մի շարք համատեղ միջոցառումների իրականացման տարի է լինելու: Այդ ուղենիշի համաձայն, Դպրոցի ղեկավար Գևորգ Մանուկյանն առաջին անգամ այցելեց «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման գրասենյակ, որտեղ մեկտեղված են տարբեր գիտակրթական ցենզ ունեցող և տարբեր քաղաքական ու ապաքաղաքական հայացքների տեր լուրջ և իրենց շրջապատում իրենց կայուն դիրքերն հաստատած երիտասարդներ:
Հանդիպման սկիզբը արարողակարգային էր՝ փոխադարձ ճանաչողության և միմյանց գործունեության մասին տեղեկատվության փոխանակման: Մեր Կենտրոնի պատվիրակության կազմում էին Դպրոցի ղեկավարի խորհրդական Մկրտիչ Սիմոնյանը, օգնական Ալբերտ Գասպարյանը և աշխատակազմի ներկայացուցիչ, «Պրակտիկ PR» ծրագրի համահեղինակ Սեդա Վարդանյանն, ով համակարգչային համապատասխան ծրագրերի շնորհիվ ներկայացրեց Կենտրոնի գործունեությունը՝ կազմավորման օրվանից մինչև ներկա պահը: Այնուհետև երիտասարդներն անցան օրակարգի հաջորդ կետին՝ հարց ու պատասխաններին: Հավանաբար Կրթական Ծրագրերի Կենտրոնի մասին ամբողջական տեղեկատվության ստանալն էր պատճառը, որ երիտասարդներն ավելի շատ հարցեր սկսեցին ուղղել ՊԳԵԴ-ի ռազմավարությանն ու հետագա անելիքների վերաբերյալ: Խրախուսելի էր երիտասարդների անկաշկանդ հաղորդակցությունը, նրանց համարձակ հարցադրումներն ու իրենց հարցերի պատասխաններն ստանալու համբերատար սպասումը: Հանդիպման վերջում «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման ղեկավար Րաֆի Գյոզալյանի հետ ձեռք բերվեց համաձայնություն՝ ապագայում կատարել մի շարք փոխայցելություններ, որոնք կրելու են երիտասարդների համար ճանաչողական, ինչու չէ, երբեմն նաև մրցակցային բնույթ և ոչ երբեք քաղաքական այլևայլ ենթատեքստեր պարունակող: Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը համոզված է, որ ցանկացած կրթական գործընթաց լինելու է արդյունավետ, փոխլրացնող և փոխադարձ հարստացնող: Մեր Կենտրոնը սիրով և պատրաստակամությամբ է տրամադրված ապագա համագործակցությանը: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|