ՊԳԵԴ-YSSF-ում իսկական քաղաքական անցուդարձ էր: Դպրոցի հյուրերն էին քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանն ու «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Նաիրի Հոխիկյանը: Այդ օրը Կրթական Կենտրոնի ուսանողներին սպասվում էր հագեցած տեղեկատվությամբ հանդիպում՝ քաղաքական գիտելիքների և քաղաքագիտական կոնցեպտների մասին հարուստ և նորացված գաղափարներով, դրանց վերլուծություններով և քննարկումներով:
Հանդիպման սկզբում բանախոսը՝ քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, նախապես իր հիացմունքն արտահայտեց մեր Դպրոցի գոյության և գործունեության, ինչպես նաև Կենտրոնի ուսանողների նման նվիրվածության կապակցությամբ: Նա մեկ անգամ ևս կարևորեց կրթությունն ու հատկապես քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող երիտասարդ քաղաքական գործիչների մղումները, ինչպես նաև առանձնացրեց ինքնազարգացումն ու պետականության պատմության ուսումնասիրումը, ինչը շատերը շփոթում են հայ ժողովրդի պատմության իմացության հետ: Այնուհետև պարոն Շիրինյանն անցավ տեսական գիտելիքների հաղորդման փուլին՝ պարբերաբար կատարելով համադրումներ և անցկացնելով զուգահեռներ մերօրյա քաղաքական կյանքի բազում գործիչների և իրավիճակների միջև: Դասախոսության մի շարք կարևոր շեշտադրումներից առավել շատ ուսանողներին գրավեց բանախոսի ներկայացրած «Մերիտոկրատական» հասարակության մոդելը, նրա հասկացությունն ու կառուցվածքը: Դա հասարակության կազմակերպման այնպիսի լուծում է առաջադրում, որտեղ հանրության բոլոր անդամներից յուրաքանչյուրը զբաղեցնում է իրեն արժանի տեղը և զբաղվում է իրեն բնորոշ գործով ու մասնագիտությամբ, որտեղ որևէ արժանավոր մարդու ճանապարհ փակելը դատապարտելի է և անհանդուրժելի: Պարոն Շիրինյանը մի շարք գունեղ համեմատություններից առավել քան հիշարժան էր այն դրվագը, երբ քաղաքագիտության դոկտորը մերժում էր Սայաթ Նովայի առաջ քաշած «Ռամիկ եմ, իշխան դառնալ չեմ ուզում…» տեսությունը: Նա կոչ արեց երիտասարդներին մշտապես սովորել, կրթվել ու աշխատել, ամեն օր զարգացնել սեփական որակներն ու հմտությունները, որպեսզի իրենք դառնան իրենց ճակատագրի կերտողները: