Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը պատիվ ունի տեղեկացնելու, որ Կենտրոնական Բանկի, Նասդաք ՕՄԵՔՍ Արմենիայի, Ֆինանսների նախարարության, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) կողմից կազմակերպված «Տնտեսության զարգացման իմ մոդելը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» մրցույթի ամփոփման արդյունքում, 2012թ-ի հունիսի 29-ին ԿՔԾ Կենտրոնի ուսանող, Կենտրոնի ղեկավարի օգնական
Սարգիս Ադիկյանի ներկայացրած աշխատանքը արժանացել է լավագույն գնահատականի: Ստորև ներկայացնում ենք հատված՝ մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ ՄԶԳ/ԿԱԲԾ Աշխատանքի շուկայի և կենսաթոշակի գծով խորհրդատու Սուսաննա Կարապետյանի ելույթից մի հատված. «Սարգիս Ադիկյանի աշխատանքը, որը մրցութային ժյուրիի կողմից դասակարգվել է լավագույնների շարքում, իմ կարծիքով, բավականաչափ ուշագրավ դիտարկումներ էր պարունակում, հատկապես, տնտեսության զարգացման հեռանկարների ուրվագծման տեսակետից: Հեղինակը կապ է տեսնում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման և կենսաթոշակային հիմնադրամներում կուտակվող խնայողությունների միջև: Ռեֆերատում այս շեշտադրումն ինձ համար ուշագրավ էր: Երկար փողերի առկայությունը տնտեսության մեջ, իրոք, կարող է և պետք է դառնա ՓՄՁ-ի զարգացման, հետևաբար և նոր աշխատատեղերի ստեղծման ռեսուրս: Ինչ մեխանիզմներով և ինչ արագությամբ բարեփոխումը կսկսի կատարել իր այդ առաքելությունը, իհարկե ցույց կտա ժամանակը: Ռեֆերատի հեղինակը, սակայն, զերծ է մնացել այս գաղափարը մանրամասնելուց, մինչդեռ առավել խորը վերլուծությունը կարող էր նաև այս աշխատանքը դարձնել լավագույնը: Շնորհավորում եմ երկրորդ պատվավոր մրցանակը շահելու կապակցությամբ»: