«Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում այսօր անցկացվեց կլոր սեղան-քննարկում: Այն կազմակերպվել էր «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ եկել էին քննակրելու ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները:
«Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ի նախագահ Մերի Ալեքսանյանը բացման խոսքում ներկայացրեց կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրներ` նշելով. «Մեր բուհական համակարգը կառուցվածքային առումով մոտենում է եվրոպական չափանիշներին, բայց բովանդակային առումով այն դեռ խորհրդային է: Արևմտյան կրթական չափանիշներին համապատասխան դասախոսների վերապատրաստման, ինչպես նաև` կրթական նոր ծրագրերի և դասընթացների մշակման և ներդրման մի շարք խնդիրներ ունենք»,-ասաց նա:
Նա նշեց նաև, որ կրթության առաջխաղացման համար շատ կարևոր է պետության ֆինանսական աջակցությունը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված մի շարք կուսակցություններ ներկայացրեցին իրենց անելիքնները գիտության ոլորտի բարելավմնան ուղղությամբ: Ներկա էին «Միավորված հայեր», ՀՅԴ, ՀՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունների կրթության հարցերով զբաղվող ներկայացուցիչները:
Կուսակցությունների ծրագրերի ներկայացումից հետո եղավ քննարկում, հնչեցին` հարցեր, կարծիքներ, առաջարկներ: