ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Մայիս » 11 » Գեւորգ Մանուկյանը՝ երիտասարդության խնդիրների եւ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի մասին
Գեւորգ Մանուկյանը՝ երիտասարդության խնդիրների եւ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի մասին
11 Մայիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Xnews.am-ը շարունակում է ներկայացնել "Մի երիտասարդի պատմություն" խորագիրը: Մեր զրուցակիցը Պետական Գործիչների երիտասարդական դպրոց ՀԿ նախագահ Գեւորգ Մանուկյանն է:

Գեւորգ, Ձեր կարծիքով հիմնականում ինչ խնդիրների են հանդիպում հայ երիտասարդները:
Ինձ համար երիտասարդություն հասկացողությունը ոչ միայն ժամանակային հասկացողություն է, այլ նաև տարածական: Ուստի ես ունեմ երիտասարդական տարիքի իմ դասակարգումը` 1. Ուսումնասիրող երիտասարդ` 18-24 տարեկան, հասուն երիտասարդ` 25-33 և 3. Բանիմաց, փորձառու երիտասարդ` 35-45 տարեկան: Ու այս ժամանակային բոլոր հատվածներում, իմ պատկերացմամբ, մեր երիտասարդները հանդիպում են մի շարք խնդիրների և դժվարությունների, որոնք բնորոշ են իրենց տարիքին և զբաղվածությանը, այն ոլորտներին, որտեղ նրանք ներգրավված են, ուստի մի քանի խնդիր թվարկել կամ կարևորել դրանցից մի քանիսը, այնքան էլ օբյեկտիվ պատկեր չի ստացվի: Եթե փորձեմ նշել այս երեք տարիքային խմբերի երիտսարդներին հանդիպող ընդհանուր խնդիրները, պետք է առանձնացնեմ անարդարությունը, երիտասարդներին բարոյականություն և արդարմտություն քարոզողների անազնիվ գործունեությունը, միշտ ինչ որ խմբի մարդկանց կողմից յուրայինի և օտարի համարվելը, հասարակության և շրջապատի մարդկանց կողմից աջակցության, ոգևորության, սատարումի կամ ոգևորության բացակայությունը, մեծ տարածում ստացած չկամեցողության ախտը: Այնպիսի երևույթներ, ինչպիսիք կոռուպցիան է, տգետների մեծարումն ու առաջ քաշումը, ցածր աշխատավարձերը, ես ստորադասում եմ վերը թվարկված խնդիրներից, որովհետև գլխավորի կարգավորմամբ կվերանան նաև դրանց մանր ու տհաճ հետևաքները:

Մեր զրուցակիցներից շատերը առանձնացնում են զբաղվածության խնդիրը: Արդյոք միայն դա է պատճառը, թե կա նաեւ անարդարության պակաս ՀՀ-ում:
Անշուշտ զբաղվածության խնդիր կա Հայաստանում, բայց ինչպես թվարկեցի, ոչ բոլոր տարիքային խմբերի երիտասարդների համար: 18-24 տարեկանների համար հիմնական խնդիրները սոցիալական են ու կրթական համակարգի հետ կապված, 25-33 տարեկանների մոտ նոր կարող է ի հայտ գալ զբաղվածության և դրանից բխող այլ խնդիրներ` ծանոթի կամ որևէ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված աշխատանքի հայթայթում, արժանապատիվ աշխատավարձ, ընտանիք կազմելու խնդիրներ:
Այսօր հասարակական կազմակերպության ներսում ես շփվում և համագործակցում եմ 5 տասնյակից ավելի երիտասարդների հետ, նրանց թվում շատ են տարբեր կուսակցության ներկայացուցիչներ, ովքեր նույնպես ունեն զբաղվածության խնդիր, մեծ մասը նույնիսկ մարզերից են, բայց հավատացնում եմ, որ նրանց համար զբաղվածության խնդիրն այնքան մտահոգիչ չէ, որքան անարդարության, Հայաստանում յուրայինի և օտարի բաժանված լինելու զգացողությունը: Անարդարությունն ու զատողությունը իսկապես դարձել է բոլոր տարիքային խմբերի համար ընդհանուր հիմնախնդիր, որի լուծումն առավել բարդ է ու խորքային, քան զբաղվածության հարցը: Գուցե զբաղվածությունը կապված է երկրի տնտեսական վիճակի հետ, դրա համար առավել շատ ենք բարձրաձայնում, բայց այն, ինչ կապված է մեզ հետ, մեր տեսակի հետ, իմանալով թաքցնում ենք կամ որոշ վախերից ելնելով մերժում ենք նրա գոյությունը:

Գաղտնիք չէ, որ այսօր հայ երիտասարդներից շատերն իրենց ապագան փնտրում են այլ երկրներում: Ինչն է ձեզ պահում Հայաստանում, ինչ կփոխեիք ամեն դեպքում:
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես շուրջ կես տարի ապրեցի ԱՄՆ-ում ու այդ կարճ ժամանակահատվածի շնորհիվ այժմ այնտեղ բնակվող իմ ընկերների հետ հիմնել ենք նախկին հայաստանաբնակ երիտասարդների հասարակական կազմակերպություն: Սակայն ես չկարողացա ապրել ընդամենը ընտանեկան, կենցաղային հարցերի կարգավորմամբ զբաղվելու նպատակով: Իմ համոզմամբ, ամեն մարդ առաքելություն ունի իր կյանքում` մեկն իրեն ու իր խղճին հայտնի ճանապարհներով կարողանում է հարստնալ ու ողջ կյանքը պայքարել իր ունցվածքի պահպանման համար, մյուսը որդուց բացի ուրիշ ոչինչ չունենալով, նրան է զոհում` հանուն ընդհանուրի բարօրության, ոմանք իրենց երազանքների իրականացման համար պաշտոնի են անցնում, որ գողանան, մի մասն այս ամենից հուսալքված հեռանում է անզորությունից, մի փոքր, բայց համառ մասն էլ իր մեջ ուժ է գտնում մնալ, որ պահպանեն հայի իրական տեսակն ու որակը, հնարավորության դեպքում նաև տարածել:
Շատ տեղին է հիմա մեջբերել Մ.Գորգիսյանի խոսքերը, որոնք մեր երիտասարդական ՀԿ-ի յուրաքանչյուր անդամ հաճախ կրկնում է` հերթական անարդարության հանդիպելիս. ԲԱՐԻՆ ՈւԺԵՂ Է, ՉԱՐԸ` ՇԱՏ..... Իմ ու ընկերներիս առաքելությունն ու կռիվը այստեղ է փաստորեն, լինել ուժեղ ու չարի դեմն առնել, զինվորը սահմանին, մտավորական և ուսյալ երիտասարդներն էլ` սահմաններից ներս: Մենք ոչինչ չունենք զիջելու ինչպես թուրքին` սահմաննրում, անպես էլ ներսի չարին` մեր երկրի ներսում:
Իհարկե, հաճախ են լինում հուսահատության, հիասթափության պահեր, բայց ամեն նոր գիտակից երիտասարդի գալով, ամեն լուսարձակող, հույսով ու հավատով լցված աղջնակի` մեր թիմին միանալով, զգում ես, որ մարդիկ ակնկալում են, մարդիկ սպասում են ու նրանք քեզ վստահում են..... մարտի դաշտից պետք է հեռանալ հաղթանակած, ինչպես ասում են` չկա որևէ հերոս, որ վերքեր չունենա: Ինձ Հայաստանում պահում է իմ ու ընկերներիս անավարտ կռիվը` միասին լավագույնը լինելու և մեր տեսակի ու որակի համար հաջողության նախապայմաններ ստեղծելը: Իսկ դրա համար մենք ամեն օր ենք գործում:

Մշտապես ասվում է, որ ապագան երիտասարդներինն է, բայց օրինակ երբ հետեւում ենք այս կամ այն նշանակմանը, հիմնականում այդպես չէ: Միթե մեր երիտասարդները ունակ չեն զբաղեցնելու պատասխանատու պաշտոններ:
Այնպես չէ, որ երիտասարդներին պատասխանատու պաշտոններ չեն վստահում, եթե նայենք ԱԺ պատգամավորներին և նրանց օգնականներին, կուսակցության ցուցակները, կառավարության կազմը, մարզպետների, քաղաքապետերի ու Երևանի վարչական շրջանների ղեկավարների ու ավագանիների մեջ էլ ստվար թիվ են կազմում երիտասարդները: Խնդիրը նրանց սակավ նշանակումների ու քանակի մեջ չէ, այլ նրանց ու պետական ապարատին բնորոշ սկզբունքների, որոշ դեպքերում էլ իրենց վերադասի պատկերացումների անհամապատասխանելիության մեջ է: Ինքս ունեմ մի շարք ընկերներ, ովքեր կամովին հեռացել են շատ բարձր պաշտոններից հենց այս պատճառներով:
Իմ տեսանկյունից վերջերս կարծես թե բեկում կա այս ուղղությամբ, սակայն դեռ ոչ ծրագրային: Երիտասարդների նշանկումների մեջ ավելի մտահոգիչը իրականում քանակը չէ, այլ նշանակվածների` այս կամ այն խմբին, կլանին կամ կուսակցությանը մոտ լինելու, ավելի շատ քաղաքական թիմին և ոչ թե պետական ու ազգային շահին ծառայելու պատրաստակամության նախապայմանն է, որ չի թողնում երիտասարդ նոր գործչին գործել ազատ ու անկաշկանդ: Նշանակումով նրանք ոչ միշտ են ազատ գործելու անկախություն ստանում իրենց ծրագրերում, որի պատճառով էլ կարճ ժամանակ անց երիտասարդ պաշտոնյան նմանվում է անցած դարի կոմունիստական կուսակցության շարքերից հեռացած իր ավագ գործընկերոջ օգնականը, նրա խոսնակն ու նրա հրահանգների ընդամենը կատարողը` նորարական, համարձակ ու հավակնոտ ծրագրեր առաջ քաշելու փոխարեն, ստիպված են լինում դառնալ կամակատար, որ երկար պաշտոնավարեն: Սրա հետ կապված մի դեպք եմ ուզում հիշել. Ժամանակին, մի ստաժավոր կուսակցականի հետ զրույցում, որ հավանաբար էլի կոմունիստ էր եղել ժամանակին, հետո ցեխավիկ, իսկ այդ ժամանակ շատ հեղինակավոր կուսակցության լուրջ պաշտոնակատար, անկեղծ զարմանքով հարցրեց. Ինչից է, որ երիտասարդները Սերժ Թանկյանի համերգին այդ հորդառատ անձրևին գնացին ու կանգնեցին մինչև վերջ, իսկ մենք մի կերպ ենք մեր երիտասարդներին հավաքում մեր իսկ միջոցառումներին, ընդ որում ավտոբուսներ, հաճախ նաև գումար տրամադրելով: Հիմա մեր երկրում էլ է գրեթե նույն վիճակը. Ազատամիտ, ստեծարար ու գործել, պրպտել սիրող երիտասարդները կամ տեղ չունեն կամ տեղ չեն տալիս պետական ապարատում, ավելի շատ բերովի և կուսակցական պատվերի շրջանակներում աշխատանքի ընդունված երիտասարդներն են աշխատում, որի համար էլ մեր պետական ապարատի երիտասարդների աշխատանքը հաճախ նկատելի չէ:

Բոլորովին հակառակն է տեղի ունենում առաջնագծում: Հայ զինվորը ապրիլյան պատերազմի ժամանակ ապացուցեց, որ կարող է իր հայրենիքի պաշտպանը դառնալ: Իսկ ինչ պետք է ապացուցեն գործող իշխանությունները:
Սահմանգիծն այն տեղն է, որտեղ իմ տուն-քո տուն, իմ կուսակցություն-քո կուսակցություն չկա, հայրենիքը մեկն է ու բոլորինը ու սահմանն էլ իմ ու քոնի միջև չէ, այլ հայի և թուրքի: Ավաղ սահմանգծից այս կողմ մենք ենք սահմաններ քաշում նույն այդ դիրքերը պահած տղաների և նրանց ընտանիքների միջև: Շատ չեմ ուզում բանակի ու զինվորի թեման արծարծել, դա համայն հայության բացառիկ սրբատեղին է այժմ, որի համար աղոթում ենք փոքրից մեծ: Միայն մեկ բան կասեմ, երբ կամուֆլյաժներով դիրքեր են գնում իշխանավորները և ապացուցում` տղերք մենք ձեր թիկունքին ենք, ձեր կողքին ենք, դա էնքան էլ ճիշտ ու ազնիվ չի լինում, երբ մի քանի ժամ կամ օրեր անց այդ զինվորը տնից լուրեր է ստանում, որ ծնողը բուժման փող չունի, քույրը ուսման վարձը չի կարողանում վճարել, կոմունալ պարտքերի պատճառով էլ որոշ ծառայություններից ընտանիքը չի կարողանում օգտվել: Իշխանությունը այստեղ, երկրի ներսում, սահմանի այս կողմում պիտի լինի զինվորի ընտանքի կողքին ու զինվորի թիկունքին, ոչ թե դիրքերում խանգարի իր ֆոտոսեսիաներով ու իրեն անծանոթ զինատեսակներն ուսումնասիրելով:

Գեւորգ ՀՀԿ-ն պատրաստվում է քաղաքական դպրոց հիմնել, անհրաժեշտությունը տեսնում եք:
Որպես 3-րդ հանրապետության քաղաքական կուսակցությունների պատմության մեջ առաջին երիտասարդ, ով իր ընկերների հետ հիմնել է կուսակցական քաղաքական դպրոց ու կրթական-քաղաքական ծրագրերի կենտրոն, շատ լավ եմ վերաբերվում ՀՀԿ կողմից քաղաքական դպրոց ունենալու գաղափարին: Սակայն որակի և արդյունավետության մասին կարող ենք դատել դրա գործունեության ընթացքում, որին անկեղծ ասած, չեմ կասկածում` հաշվի առնելով այդ կուսակցությունում ներգրավված իսկապես որակյալ երիտասարդների անհրաժեշտ քանակությանն ու առկայությանը: Միայն կմաղթեմ իրենց, որ պահպանեն իրնց անաչառությունը և արդարամտությունը, որ այդ հրաշալի նախագիծը չվերածվի գործ չանող ու վճարվող մարդկանց և երիտասարդներին հերթական հիասթափություն բերող հերթական հիմնարկի:

Մեր նախորդ զրուցակիցը ձեզ հետեւյալ հարցն է ուղղել. Ըստ Ձեզ ի՞նչը կնպաստի մեր երկրի արագ զարգացմանը։
Վերջին տարիներին մեծ տարածում է գտել Հայաստանւմ բոլոր դժվար իրավիճակներում օրինակներ բերել Սինգապուրի տնտեսական հրաշքի և Իսրայելի հզորացման պատմական դրվագներից: Գուցե մեզանից շատերը լավ չեն տիրապետում այդ երկրների պատմության ու զարգացման մանրամասներին, ուստի ես կառաջարկեմ ավելի պարզ օրինակ, որտեղ կան բոլոր նախապայմանները` անձի, կազմակերպության և պետության արագ զարգացման համար, ինչը օգնել և օգնում է նաև ինձ. դա Սուրբ Գիրքն է ու նրանում ամփոփված առակները, պատմվածքները, խրատներն ու պատմական իրադարձությունները, որոնք հարուստ են տնտեսության զարգացմանը միտված խորհուրդներով, պաշտոնյայի էթիկայի նորմերի օրինակներով, քաղաքական գործիչներին հատուկ արատներով, երկրի զարգացումը կասեցնող ներքին բանսարկու-չուզողներով, որկրամոլ մաքսավորներին և ունեզրկող հարկահավաքներին, մեղքի մեջ կորած դատավորներին ու շահ հետապնդող բարերարներին, եկեղեցին առևտրային պալատ դարձնողներին ուղղված խրատներով, ընդհուպ մինչև մարքետինգային շատ խորհուրդ-հնարքներով:

Մեր երկրի զարգացման համար ինչպես 2.000 տարի առաջ, այնպես էլ այսօր, շատ կարևոր է սիրել մերձավորին, լինել արդարամիտ, չցանկանալ դրացիի ունեցվածքը, չգողանալ ոչ անձից, ոչ էլ պետությունից, բարոյականություն պահպանել 24 ժամ, ուրիշի զավակի ու դստեր հետ վարվել ինչպես սեփականի հետ, տունը, մեքենան ու պաշտոնը կուռքի չվերածել ու պահպանել ոսկե կանոնը` Դիմացինի հետ վարվիր այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ հետ վարվեն...... Վստահ եմ, այս շատ պարզ ու մեծամասնության համար գրեթե անիրականանալի պատվիրանների պահպանմամբ ու կիրառմամբ շատ արագ կփոխվենք մենք, հասարակությունը և մեր բոլորիս տունը` Հայաստանը:

Ձեր հարցը մեր հաջորդ զրուցակցին:
Ինչ եք անում դուք` ավելի լավ Հայաստան ունենալու համար, քան որ ժառանգել եք.....

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի
Աղբյուրը՝ http://xnews.am/?view=news&id=16715
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)