Ապրիլյան քառօրյա հերոսամարտերը չէին կարող իրենց հետևանքները չթողնել ՊԳԵԴ-YSSF կազմակերպության գործունեության վրա: Մեր կազմակերպության երիտասարդները, փոքր ինչ անտեսելով ուսումնական գործառույթները, մինչ օրս էլ դեռ շարունակում են իրենց ակտիվ աշխատանքները՝ ի նպաստ մեր բանակի ու զինվորների, ներգրավված են տարբեր հանգանակության ծրագրերի կազմակերպմամբ ու աջակցմամբ: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուրս պետք է մեր տեղում օգտակար լինենք մեր երկրին ու մեր պետականությանը, ուստի մեր մեջ զարմանալիորեն նոր ուժեր գտնելով, փորձում ենք առաջ շարժվել ու մեզ հետ առաջ տանել մեր ընկերներին:
Օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF-ի մի խումբ երիտասարդներ, մարկետինգային դասընթացների շրջանակներում, բացառիկ հնարավորություն էին ստացել մասնակցելու «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիրՎահրամ Միրաքյանի "Չոր Կոնտենտ" խորագրով դասախոսությունների շարքին:
Հայ իրականության մեջ ու հատկապես նորարարությամբ հետաքրքրված երիտասարդության մոտ բավականին լավ տարածում է գտել նման թրեյնինգ-սեմինարների մասնակցությունը, ավելին, հաճելիորեն պետք է նշել, որ նույնիսկ ձևավորվել է նման գիտելիքների և ստեղծագործական մտքի շուրջ համախմբվող երիտասարդական համայնք, որոնց համար կրթվելն ու գիտելիքի շուրջ մտերմանալը դարձել է օրվա բաղկացուցիչ մաս և մշտապես երիտասարդ մնալու բանաձև:
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը և մեր բոլոր ուսանողները պարտավորված են զգում կառուցելու և մասնակիցը լինելու այնպիսի պետության կերտմանը, որի համար իրենց կյանքը չեն խնայում մեր սահմանապահ եղբայրները և նույնիսկ ՊԳԵԴ-ից զորակոչված մեր ընկերները:
Լինենք արժանի և վստահելի թիկունք՝ մեր երկիրը պահպանողներին և պրոֆեսիոնալ մասնագետներ՝ մեր պետության զարգացման այն օղականերում, որտեղ մենք կլինենք. Ահա սա է այն նշաբանն ու համոզմունքը, որ իր համար ՊԳԵԴ-YSSF-ը որդեգրել է 2016թ-ի գործունեության հիմքում: