2015թ հոկտեմբերի 2-ին մեկնարկեց Երիտասարդ ակումբների արդեն ավանդույթ դարձած 5-րդ համաժողովը: Եռօրյա համաժողովին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից և Արցախից ընտրված ավելի քան 100 կազմակերպություն և երիտասարդական ակումբների ներկայացուցիչներ: Այս տարի առաջին անգամ համագումարի աշխատանքներին մասնակցեց նաև Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց Հ/Կ-ն: Մեր կազմակերպությունը այս համաժողովին ներկայացնելու բարձր պատիվը վստահվել էր մեր Հ/Կ-ի մարզաբնակ (Արմավիրի մարզ) առավել ակտիվ անդամներից Հայկանուշ Փիլիպոսյանին:
Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ-FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանը ներկաներին շնորհավորեց համագումարի մեկնարկի առթիվ: Շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ներգրավվածության և լավագույն փորձի փոխանակման համար: Ըստ ԵԱԴ ղեկավարի, համաժողովի նպատակն է ներկայացնել նախորդ համագումարի ընթացքում կատարվող աշխատանքները, ինչպես Երևանում,այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում: Լինելով Հայաստանում ամենամեծ կազմակերպությունը՝ իր առջև խնդիր է դնում ստեղծել փոխադարձ կապ և վստահություն երիտասարդների միջև: Անդրադառնում են երիտասարդների խնդիրներին և տարբեր մակարդակներում,որոշումների կայացման տարբեր հարթակներում նրանց ներգրավվածությանը:
Կազմակերպիչները, երիտասարդ առաջնորդները համաժողովի երկրորդ օրը հանդիպեցին երիտասարդությանն աջակցող տարբեր դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Երևանի հիմնադրմանն ընդառաջ` երիտասարդների մասնակցությամբ կստեղծվի քաղաքամայր Երևանի դիմանկարը `«Երևան `արևի քաղաք » խորագրով: Իսկ վերջին օրը մասնակիցները կայցելեն Երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավան`հանդիպելու տեղի երիտասարդական կազմակերպություններին:
Ողջույնի խոսքով հանդես եկան երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ նաև մարզերից: Երիտասարդները կարևորում էին համագումարը,որը երիտասարդական ամենամեծ կառույցն է, և ամենամեծ խթանն է երիտասարդական կապերի և խնդիրների լուծման ուղղությամբ: Գնահատելով տրված ժամանակն ու հրաշալի հնարավորությունը երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին եռօրյա համագումարի ընթացքում ձեռք բերած հմտություններն ու մարդկային ռեսուրսները օգտագործել երիտասարդների խնդիրների վերացման ուղղությամբ:
Նշենք, որ համաժողովի արդյունքում կհրապարակվի նաեւ Հայաստանում գործող ակումբների եւ կազմակերպությունների մասին երկլեզու տեղեկագիրք, որն էլ ավելի կնպաստի տարբեր մարզերի կառույցների համագործակցությանն ու միջազգային կապերի հաստատմանը: