Կիլիկիո ԱՄՆ Արևմտյան Թեմը՝ Հայոց Պետականության Խորհրդանիշ
23 Հունվարի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայ Եկեղեցին և հոգևորականությունը միշտ եղել ու հանդիսացել են Հայոց Պետականության և Պետական Գործչի մարմնավորումը բոլոր այն ժամանակաշրջաններում, երբ հայը զրկված է եղել սեփական պետական միավորն ունենալու իրավունքից կամ հնարավորությունից: Նույնիսկ 21-րդ դարում, ցավոք սրտի, մենք դեռևս ունենք հայրենազրկված և աշխարհասփյուռ հայրենակիցներ, ովքեր օտարության մեջ կարիք ունեն ազգապահպանման, պաշտպանության, աջակցության և ամենօրյա ուշադրության:
Այդպիսի պաշտպանի և հենարանի դեր այսօր սփյուռքում ստանձնել են մեր «Հոգևոր Պետական Գործիչները»՝ հայ ազգային եկեղեցիների թեմի առաջնորդներն ու Հայաստանի Հանրապետությանն աջակից Ազգային Առաջնորդարանները: Եվ պատահական չէ, որ բոլոր այն երկրներում, որտեղ Հայ Եկեղեցին պատշաճորեն ներկայացված է ու զբաղվում է հայանպաստ, հայապահպան գործունեությամբ, միշտ արժանանում է այդ պետությունների բարձրաստիճան պետական ու քաղաքական գործիչների առանձնահատուկ ուշադրությանը, իսկ որոշ դեպքերում՝ հատկապես կարևոր որոշումներ ընունելուց առաջ, առանձնահատուկ դեր ու նշանակություն են հատկացնում հայ հոգևոր առաջնորդների հետ խորհրդակցություններին: Հայ ժողովրդի պատմությանը լավատեղյակ յուրաքանչյուր անհատ որոշակի տեղեկություն և պատկերացում ունի, թե Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և նրա աշխարհասփյուռ թեմերը որքան անփոխարինելի և առանցքային դերակատարում են ունեցել ու դեռ շարունակում են ունենալ մեր ժողովրդի պատմության գրեթե բոլոր դրվագներում: Հարյուրամյակներ առաջ Կիլիկիայի Սիս քաղաքում գործող Կաթողիկոսությունը, թուրքական պետության հայահալած քաղաքականության և հետապնդումերի արդյունքում, 1930թ-ից ի վեր հաստատվել է Լիբանանի հյուրընկալ հողում, Անթիլիաս բնակավայրում, ուր շուտով կառուցում է իր Դպրեվանքը: Բազմաթիվ պատմական, քաղաքական և ազգային դժվարություններ հաղթահարելուց կարճ ժամանակ անց Սուրբ Աթոռին հաջողվում է իր հոգատար հովանու ներքո առնել սփյուռքահայությանը, ամենուրեք տարածելով հոգևոր, ազգային և կրթական արժեքներ: 1995թ-ից մինչ օրս Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռի գահակալն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը (Քեշիշյան): Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան Թեմը կարելի է ասել ունի բավականին երիտասարդ պատմություն, քանի որ այն, որպես առանձին միավոր, ձևավորվել է ընդամենը 1973թ-ին՝ առանձնանալով Նյու Յորքում գործող Հյուսիսային Ամերիկայի Թեմից: Այդ օրերից մինչ հիմա Արևմտյան Թեմն ունեցել է հինգ թեմակալ առաջնորդ: 1995թ-ից ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդն է Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսյանը: Հայաստանի «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Գևորգ Մանուկյանը, ԱՄՆ-ում հայ համայնքի նշանավոր գործիչների և հեղինակավոր միությունների ղեկավար կազմի հետ հանդիպումների իր մասնավոր այցելության ծրագրի շրջանակներում օրեր առաջ բացառիկ առիթ է ունեցել հանդիպելու Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռի ԱՄՆ Արևմտյան Թեմի առաջնորդ Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսյանի հետ (ավազանի անունով Սարգիս): «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ ղեկավարի այցելության արդյունքում պարզ դարձավ, որ Արեւմտեան Թեմին իր մատուցած բազմաթիվ ծառայությունների թվում Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսյանը հանդիսացել է նաև այնպիսի հայրենանվեր ձեռնարկի, որը անկյունադարձային ու պատմական նշանակություն է ունեցել Թեմի և հայ հոգևոր կյանքի պատմության մէջ: Տարիներ առաջ, Ազգային Վարչությունների հետ սերտ համագործակցելու արդյունքում, Առաջնորդ Սրբազանը ստեղծել է Ազգային Առաջնորդարանի Շենքի Հիմնադրամ, որի օժանդակությանը ներգրավվել են նաև մի շարք հայ ազգային բարերարներ: Նպատակն էր Կալիֆորնիա նահանգում կառուցել նոր և ավելի ընդարձակ Ազգային Առաջնորդարան՝ նկատի ունենալով հայ գաղութի անդամների օրեցօր ավելացումը և աշխատանքների առավել մեծ ծավալները: Արդեն մի քանի տարի անց, 2005թ-ի հոկտեմբերին Ս. Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ԱՄՆ Արևմտյան Թեմ հովվապետական այցելութեան առիթով, իրականացնում է նոր շենքի տնօրհնեքն ու Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն Մատուռի օրհնության ծիսակարգը, իսկ 2007թ-ի մայիսի 6-ին, կառուցի շինարարական աշխատանքների լիարժեք ամբողջացումից հետո, Կալիֆորնիայի Լա Քրասենտա բնակավայրում տեղի ունեցավ Ազգային Առաջնորդարանի նորակառույց շենքի պաշտոնական բացումը (6252 Honolulu Avenue, La Crescenta, CA 91214): Եկեղեցաշեն աշխատանքներ Սրբազանի կողմից իրականացվել են նաև Կալիֆորնիա նահանգի այլ հայաշատ քաղներում: Դրանցից օրինակ Փասադինայում, որտեղ 2005թ-ին Վեհափառ Հայրապետն իր այցելության օրերին իրականացրեց Սուրբ Սարգիս եկեղեցու օծումը, Լաս Վեգասում ծխական համայնքի վերակազմակերպումն ու Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրությունը՝ նրան կից սրահով, որն ակնկալվում է դառնալ բավականին հագեցած կրթամշակութային կենտրոն։ Հայկական դպրոցների կառուցման, մարզասրահների ու դասարանների վերազինման և վերանորոգման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են տարվել նաև Էնսինոյում, Մոնթեբելոյում, Հոլիվուդում, Գլենդելում, Ֆրեզնոյում: Ընթացիկ աշխատանքների կողքին Ազգային Առաջնորդարանը դարձել է նաև կրթական, մշակութային, ազգային ու ժողովական կյանքի կազմակերպիչ, աջակից և գործընկեր։ Ներկայումս ԱՄՆ գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում և բնակավայրերում Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի ընդամենը քառասնամյա գործունեության ընթացքում նրա հովանու ներքո սկսել են գործել մոտ երկու տասնյակի հասնող ազգային նախակրթարաններ, վարժարաններ ու դպրոցներ, որտեղ իրենց ամենօրյա և հայեցի կրթության հետ միաժամանակ, հայ աշակերտները առիթ ունեն դաստիարակվելու հայ մշակույթի և դպրության արժեհամակարգով՝ հաճախելով հայկական երգչախմբերի, պարարվեստի խմբակների, ինչպես նաև դպրոցներին կից հայկական մարզական ակումբներ: Առաջնորդ Սրբազանի պաշտոնավարության շրջանը հարուստ է եղել նաեւ հրատարակչական աշխատանքներով։ Լայն թափով սկսել են շարունակվել Հայոց լեզվի, Հայոց Պատմության եւ եւ Հայ Դատի դասագրքերի հրատարակչական աշխատանքները, որոշ դեպքերում էլ դրանց արևելահայերեն տարբերակները: Հանդիպման ավարտին ԱՄՆ Արևմտյան Թեմի առաջնորդ Տ. Մուշեղ Ս. Արք. Մարտիրոսյանը «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ հիմնադրին նվիրեց իր հեղինակած “A COLLECTION OF SPIRITUAL REFLECTIONS” աշխատության հատորյակը և Ազգային Առաջնորդարանի կողմից հուշանվերներ: «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ հիմնադիր Գևորգ Մանուկյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ իր այցելության շրջանակներում ձեռք բերված տեղեկություններն ու մտահոգությունները առաջիկայում կամփոփվեն և կքննարկվեն մեր կազմակերպության հարկի ներքո՝ ակնկալելով մոտ ապագայում առավել հաճախակի գործնական այցելություններ, հայ երիտասարդների միջև կրթական ու ճանաչողական փոխանակման ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, հայի հավաքական կերպարի ամբողջացման, մեր միաբանության ու հավատքի պահպանման: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|