ԱՄՆ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ, ԴԱՐԱՎՈՐ ՀԱԿԱՍՈւԹՅՈւՆՆԵՐ
28 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Ինչպես հայտնի է շատերին, դեռևս 1441 թ-ից Հայոց եկեղեցին դժբախտաբար կամ պատմա-քաղաքական իրադարձությունների օբյեկտիվ ազդեցությամբ մասնատվել է 2 մասի` Մայր աթոռ Սբ. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության:
ԱՄՆ-ում մասնավոր այցելության շրջանակներում «ՊԳԵԴ» Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանին օրեր առաջ բացառիկ հնարավորություն է ընձեռնվել հանդիպելու Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան Թեմի առաջնորդ Տեր Հովնան արք. Տերտերյանին: Մինչ հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելը, առավել հետաքրքրական է համառոտ ներկայացնել հայ եկեղեցու պատմության այն էջերին, որոնք օբյեկտիվ պատճառներով գրեթե չեն լուսաբանվել կամ տեղ չեն գտել մեր ավանդական դասագրքերում: Եվ այսպես, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան Թեմը կազմավորվել է 1927թ-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով: Առաջնորդանիստը՝ Լոս Անջելեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Առաջնորդարանը սկզբում Ֆրեզնոյում էր, 1957թ-ից՝ Լոս Անջելեսում: Հետագայում ամերիկահայ եկեղեցին ընդլայնվում է և Արևմտյան կամ Կալիֆոռնիայի թեմի հետ զուգահեռ ձևավորվում է Արևելյան թեմը (կենտրոնը՝ Բոստոն, հետագայում՝ Նյու Յորք): 1930-ական թթ. ԱՄՆ-ի հայ համայնքի ներսում խիստ սրվում է միջկուսակցական պայքարը, որը պայմանավորված էր Հայաստանում խորհրդային կարգերի հանդեպ հայ քաղաքական, ազգային կուսակցությունների հակադիր դիրքորոշումներով, ինչպես նաև ամերիկահայ համայնքներում այդ ուժերի` իրենց ացդեցությունը տարածելու ձգտումներով: Այս պայքարն ավելի է թեժանում ԱՄՆ-ԽՍՀՄ այդ ժամանակների փոխհարաբերություններից բխող քաղաքական շահարկումներով, ինչից զերծ չի մնում նաև հայ եկեղեցական-թեմական կյանքը, որն ի վերջո հանգեցնում է նոր պառակտման։ 1933թ-ի դեկտեմբերին մի խումբ հայ ազգայնականների կողմից Նյու Յորքի Ս. Խաչ եկեղեցում սպանվում է ԱՄՆ-ի հայոց հոգևոր առաջնորդ Ղևոնդ արք. Դուրյանը: Այս սպանությունն է՛լ ավելի է բորբոքում հակամարտությունը խորհրդային կարգերի դեմ պայքարող կուսակցությունների և խորհրդամետ ուժերի (համայնավարներ, ռամկավարներ և այլն) միջև: Այս պայքարի խորացումն ի վերջո ամերիկահայությանը բաժանում է երկու հատվածի: 1957թ-ից սկիզբ է դրվում Մայր աթոռից փաստացի անջատված թեմի անկախ գոյությանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո: Արևելյան թեմի մի մասը պաշտոնապես անջատվում է Մայր աթոռ Սբ. էջմիածնի ենթակայության տակ գտնվող Հյուսիսային Ամերիկայի թեմից և անցնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո՝ վերանվանվելով Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի թեմ։ Կալիֆոռնիայի հայ բնակչության (հատկապես Կիլիկիո թեմին պատկան եկեղեցիների շուրջ հավաքված համայնքի) աճով պայմանավորված, տարիների ընթացքում ստեղծվում է անթիլիասական երկրորդ գուգահեռ կառույցը՝ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը (կենտրոնը՝ Հոլիվուդ) իր առաջնորդով։ Ամենայն Հայոց կաթողիկոսարանն իր թեմերին անվանում է Diocese, մինչդեռ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն իր թեմերին կոչում է Prelacy (2 բառերն էլ թեմ են նշանակում): Գլենդելում, որտեղ ապրում է առավել քան 100.000 հայ, գործում է Սբ. Աստվածածին կենտրոնական եկեղեցին, որը գտնվում է Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ: Ամենայն Հայոց կաթողիկոսարանի Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդարանն ու սփյուռքում գտնվող ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սրբոց Ղևոնդեաց մայր տաճարը, գտնվում է Բըրբանկ քաղաքում ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան այցելության ընթացքում ՊԳԵԴ Հ/Կ ղեկավարին հայտնի դարձավ, որ առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, Տիկնանց միության, կիրակնօրյա վարժարանների կենտրոնական խորհուրդները: Լոս Անջելեսում գործում են 15 ամենօրյա հայկական վարժարաններ: Առաջնորդարանի հովանավորությամբ գործում են Ալֆրեդ և Մարգրիթ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը (Փասադենայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից), ՀԲԸՄ Մարի Մանուկյան նախակրթարան և ՀԲԸՄ Սարգիս և Սեդա Դեմիրճյան երկրորդական վարժարանները (Քանոգա Փարք), Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան վարժարանը (Հոլիվուդ): Հայաստանյայց առաքելական եկեղեցին առանցքային դեր է կատարում ամերիկահայ համայնքի հոգևոր և հասարակական կյանքում, բազմակողմանի աշխատանք ծավալում ամերիկահայության ագգային ոգին ու նկարագիրը պահպանելու, հայրենիքի հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Հանդիպման ավարտին Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը «ՊԳԵԴ» հիմնադիրին նվիրել է իր հեղինակած աշխատություններից մի քանիսը` լավագույն ցանկություններով և աստվածահաճո գործունեության մաղթանքներով: ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԵՐՅԱՆ Ծնվել է 1957թ դեկտեմբերի 1-ին Բեյրութում (ավազանի անունը` Վահրամ): Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի «Քառասնից մանկանց» վարժարանում: 1980թ ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ամենայն Հայոց Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի: 1980-1983թթ ուսանել է Օքսֆորդի համալսարանում (Անգլիա) եւ ստացել Աստվածաբանության ասպարեզում բակալավրի աստիճան: Սբ. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում դասավանդել է Հայ Եկեղեցու պատմություն, Ընդհանրական Եկեղեցու պատմություն եւ երաժշտություն: 1984թ. նշանակվել է Կանադայի Տորոնտո քաղաքի հոգեւոր հովիվ: 1987թ. Օքսֆորդի համալսարանում, ստացել է Աստվածաբանության ասպարեզում մագիստրոսի աստիճան: 1989թ. ստացել է ծայրագույն վարդապետության տասը աստիճաններ` պաշտպանելով թեզ «Հովվական աստվածաբանության պրակտիկ ձեռնարկ» թեմայով: 1990թ. մայիսի 25-26-ին Օնտարիոյի Սբ. Կատարինե եկեղեցում հրավիրված թեմական պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ: (Այս պաշտոնում վերընտրվել է 1995 եւ 2000 թվականներին): 1990թ. Սբ. Էջմիածնի Մայր տաճարում ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Տ.Տ. Վազգեն Ա-ի ձեռնադրվել է եպիսկոպոս: 2000 թվականից Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ է, հեղինակ է բազմաթիվ գրքերի ու հոդվածների: 2003թ. մայիսի 3-ին Բըրբենքում (Կալիֆորնիա) հրավիրված 76-րդ թեմական ժողովի պատգամավորների մեծամասնության քվեով ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի 8-րդ թեմակալ առաջնորդ: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|