Հայոց պատմությունը կերտվել է ինչպես այլ, այնպես էլ հարևան երկրների հետ թե' բարիդրացիական, թե' ոսոխական շփման արդյունքում՝ մերթ պանծալի հաղթանակի, մերթ պարտության ու դավաճանության կարմիրով ներկելով մեր պատմական անցյալը: «ՊԳԵԴ»-ը շարունակում է հստակ քայլերով շարժվել առաջ: Գիտելիքառատ հերթական կայարանը «Վրաստանի արտաքին հարաբերությունները և Հայաստանը» թեմայի քննարկումն էր: Իսկ այն լուսաբանում էր Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Բանախոսությունը սկսվեց շատ հետաքրքիր: Նախ՝ ուսանողները պատասխանեցին բանախոսի այն հարցին, թե ինչ են հասկանում ու պատկերացնում՝ ասելով Վրաստան: Կիսահումորային- կիսալուրջ պատասխանները տատանվում էին «աջարական խաչապուրի-ներքին խնդիրներով լի պետություն» միջակայքում: Ահա մեկնարկը տրված էր:
Բանախոսությունն ընթանում էր փաստերի արձանագրման, տեղեկատվության և կարծիքների փոխանակության գերակայության մթնոլորտում: Բնականաբար, լինելով հարևան պետություններ՝ իրենց զարգացման ողջ ընթացքում Վրաստանը և Հայաստանը փոխազդել են միմյանց վրա: Երկուսն էլ անկախանալուց հետո ստիպված որդեգրել են բազում խոչընդոտներ, բախվել են հիմնախնդիրների թե' այս կողմում, թե' այն կողմում, իսկ վրացական կողմը՝ անգամ քաղաքացիական պատերազմի... Մեր ուսանողները շատ հետաքրքրված էին թեմայով, հատկապես, որ մենք ունենք հայկական մեծ սփյուռք Վրաստանում:
Ուսանողներին հետաքրքիր էր Ջավախքի՝ մեզ ցանկալի միացման կամ հնարավոր ավտոնոմիայի վերաբերյալ փորձագետի գնահատականը, որը հիմնավորված էր և հնարավորություն տվեց պատկերացում կազմելու ենթադրելի հեռանկարների մասին: Քննարկվեցին նաև ռուսական գործոնի ազդեցությունը հայ-վրացական հարաբերությունների վրա՝ իր և' դրական, և' բացասական ասպեկտներով, ջիհադական հնարավոր սպառնալիքները Վրաստանի համար, ինտեգրման ուղղությունների հնարավոր փոփոխությունները:
Այսպիսով՝ կարևոր է հատկապես հարևան պետությունների տնտեսական, քաղաքական, մարդկային ներուժի, մեզ հետ հետագա հարաբերությունների հեռանկարների մասին ճիշտ պատկերացումներ կազմելը: Ահա այս գիտակցումով էլ «ՊԳԵԴ»-ի շարունակական և եռանդով լի աշխատանքի արդյունքում նոյեմբերի 15-ին արձանագրվեց ևս մեկ կառուցողական բանավեճ:
«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` Էլեն Խաչատրյան: