ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Նոյեմբեր » 27 » Պաշտոնական նախաճաշ` ԱՄՆ «ՍԻՍ» հայրենակցական միության հարկի ներքո
Պաշտոնական նախաճաշ` ԱՄՆ «ՍԻՍ» հայրենակցական միության հարկի ներքո
27 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«ՊԳԵԴ» հասարակական կազմակերպության հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը, շարունակելով իր առաքելությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրեր առաջ «ՍԻՍ» հայրենակցական-մշակութային միության ատենապետ, անգլերենով լույս տեսնող «USA ARMENIAN LIFE» և հայերենով հրատարակվող «Հայ Կեանք» շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Ափփո (Աբրահամ) Չափարյանի հրավերով մասնակցել է նշված կազմակերպության պաշտոնական նախաճաշին: Ներկաների թվում էին Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջ.Թոքմեջյանի աշխատակազմի անդամներ, Կիլիկիայի Լուսինյան հարստության` դինաստիայի, ընտանիքի ժառանգներ, հայ համայնքին զորակցող հայ բարերարներ և հյուրեր Հայաստանից:

Սփյուռքում հրապարակվող հայկական այս շաբաթաթերթի խմբագիրը բացառիկ է հատկապես իր այն մասնագիտական տեսակներով և որակներով, որ լիարժեքորեն և անմիջական ներգրավվածություն ունի հայ համայնքի գրեթե բոլոր հայանպաստ և պետականամետ ծրագրերում, վարում է ակտիվ հասարակական գործունեություն, հայտնի է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայի մի շարք խոշոր քաղաքներում Հայոց ցեղասպանության խնդիրներով հրավիրված մի շարք հրապարակային ելույթներով, գործուն մասնակցությամբ և ունեցած մասնագիտական ներդրումներով:
Ուստի սփյուռքում գործող նման մտավորականի և հրապարակային ու պետականամետ հայացքներ ունեցող գործչի հետ հանդիպումը ոչ միայն մեծ պատիվ էր, այլ նաև օրվա պարտադրանք:

Պաշտոնական նախաճաշի ընթացքում եղան տարբեր ելույթներ, պարգևատրվեցին «ՍԻՍ» հայրենակացական միությանը զորակցող մի շարք հայ գործիչներ, վերջում կազմակերպվեց հանգանակություն` կազմակերպության հետագա գործունեության սատարման համար:

Նախաճաշից հետո Գևորգ Մանուկյանի խնդրանքով տեղի ունեցավ առանձնազրույց հայրենակցական միության ատենապետի` պարոն Չափարյանի հետ, որի ընթացքում «ՊԳԵԴ» ղեկավարը նախ ներկայացրել է մեր հասարակական կազմակերպությունը, ծանոթացրել է մեր ծավալած գործունեությանը, հայտնել, որ մեր Հ/Կ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում և ապագայում հետապնդելու է հետևողական աշխատանքներ` սփյուռքի հայ գաղթօջախների, այնտեղ գործող երիտասարդական կազմակերպությունների և մտավորականների հետ, փորձեր են կատարվելու իրականացնելու երիտասարդական համատեղ միջոցառումներ, փոխանակման ծրագրեր, օնլայն քննարկումներ և ֆորումներ, այդ ամենում, իհարկե, կարևորելով մեր մտավորականների, հասարակական ու պետական գործիչների ներգրավվածությունը, խորհուրդներն ու փորձառությունը:

Պարոն Չափարյանը, տեղեկանալով «ՊԳԵԴ» Հ/Կ-ի ու նրա ծրագրերի մասին, հայտնեց իր պատրաստակամությունը համագործակցելու, աջակցելու և քաջալերելու մեր երիտասարդներին` բոլոր հնարավոր միջոցներով, ընդհուպ մինչև իր տնօրինած շաբաթաթերթում առանձին հոդվածներ տպագրելուն, որոնք նվիրված կլինեն «ՊԳԵԴ-YSSF»-ի առանձին ձեռնարկներին, նրա կազմում գործող և առավել մեծ հաջողություններ արձանագրած երիտասարդներին: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է ինչպես Հայաստանի երիտասարդների համար, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների` մեկը մյուսի հետ ապահովելու կապը` լինելով իրարից հեռու, բայց այսուհետ` միշտ միասին…

Պարոն Չափարյանն իր կողմից ներկայացրեց բոլոր այն մտահոգություններն ու ձեռքբերումները, որ հիմա կան և մեծ տեղ ունեն սփյուռքում` ԱՄՆ հայ համայնքի ներսում, այդ թվում նաև հայ երիտասարդության շրջանակներում: Նա բավականին ծավալուն վերլուծություններ կատարեց Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերի, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աղաղակող կոռուպցիոն դրսևորումների և իհարկե` Հայաստան-Սփյուռք արդի կապերի, նրանց որակի ու արդյունավետության մասին: Մասնավորապես, պարոն Չափարյանը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նշեց հետևյալ կետերը, որոնք իրեն, որպես պետականամետ և հրապարակային գործչի, շատ մտահոգում են.

1. Հայաստանը ձախողել է Սփյուռքի հայությանը ոգևորելու, քաջալերելու և խթանելու գործընթացը, չի կարողացել լիարժեք ապահովել սփյուռքահայ ներդրողների բիզնես անվտանգությունը, հայրենադարձության համոզման մեջ արված ջանքերն ու եռանդը շատ աննշան են: Բացի մի քանի հազար սիրիահայերի հյուրընկալման, Հայաստանում գրեթե ոչ մի հայ ընտանիք այդպես էլ չի հաստատվել կամ հաստատվելուց հետո էլ կրկին ետ վերադառնալու ուղիներ է փնտրում:

2. Հայաստանն ի զորու չեղավ բերելու սփյուռքահայությանը դեպի լիարժեք համագործակցության: Առայժմ արդյունավետ չի համակարգվում մեծ և ազդեցիկ սփյուռքի ներուժը, մի թանկարժեք գործոն, որ շատ երկրներ ուրախ կլինեին ունենալ:

3. Ձախողեցին սփյուռքին ամբողջովին ներգրավվելու Հայաստանի կյանք և իրականություն՝ ի բարօրություն Հայաստանի. սա մի կորսված հնարավորություն է, որին չկա որևէ արդարացում:

4. ՀՀ-ն այդպես էլ չգնաց ազատ և արտոնյալ պայմաններով ոչ ռեզիդենտ սփյուռքահայերին քաղաքացիություն շնորհելու գործընթացին, որպեսզի նրանց մոտ ստեղծվեր սեփականատիրոջ զգացում:

5. Չհաջողվեց քաջալերել և խրախուսել սփյուռքի ներդրումները, նախընտրեցին օգտագործել միայն սփյուռքի դրամական կարողությունները` առանց սփյուռքի ներուժի, փորձառությունների, գիտելիքների, իմաստության և հմտությունների ներգրավվման մասին որևէ գործուն և իրական առաջարկի:

6. Եթե Առաջին Հանրապետությունում հայերը անձնուրաց կերպով հիմնեցին անկախ պետականություն և անկախ ազգություն՝ պայքարելով դրա համար, ապա այսօրվա եսասեր առաջնորդների սերունդը պատրաստ է զիջել հայոց պետականությունը հետկուլիսային, նեղ անձնական ու խմբային տարբեր շահերի համար` կասկածելի գործարքների միջոցով:

7. Պարոն Չափարյանի համոզմամբ, ներկայումս Հայաստանի և սփյուռքի կյանքում նոր և շատ վտանգավոր գործընթացներ են ի հայտ եկել, որոնք արտաքնապես իբր թե կրում են հայանպաստ երանգներ, բայց իրականում դրանք խորտակելու են մեր ազգային հարցերի հետապնդումը և պետականություն կերտելու ինքնուրույն ապագան: Դա արևմտյան նեո-պահպանողական ուժերի ակտիվացումն է հայկական շրջանակներում, որին ցավալիորեն ներգրավված են թե Հայաստանի և թե սփյուռքի որոշ հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ: Վերջիններիս օրինակով էլ այդ ուղղություններին անգիտակցաբար սկսում են հետևել նաև հայ բազմաթիվ երիտասարդներ, չպատկերացնելով այդ ուժերի բուն նպատակը` հայերից Հայաստանը դատարկելու և արևմտյան ուժերին հպատակ երկրների միջոցով Հայաստանի վրա գերիշխանություն ձեռք բերելը:

Խոսելով բոլոր այս և այլ ձախողումների մասին, որոնք մենք, ցավոք, արձանագրել ենք, «ՀԱՅ ԿՅԱՆՔ»-ի խմբագիրն, այնուամենայնիվ հույս հայտնեց, որ շատ շուտով մենք ի զորու կլինենք կորցրած հնարավորությունները վերականգնել: Այդ ամենի համար մեզ ժամանակ է պետք և այս արժեքների համար պայքարող սերունդ: Եվ այնպիսի երիտասարդներ, ինչպիսիք որ ներգրավված են «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում», պարոն Չափարյանի համոզմամբ, ի զորու կլինեն գտնելու բոլոր այն հիմնախնդիրների հանգուցալուծումը, որոնք այսօր դարձել են հրամայական և օրվա պահանջ: Ըստ նրա, «ՊԳԵԴ-YSSF»-ի ղեկավարի այցելությունը ևս պետք է դիտարկել այդ տեսանկյունից` որպես մտահոգված քաղաքացու, երիտասարդ հանրապետության կենսունակությամբ անհանգստացած մարդու կողմից արված քայլ, որի նպատակը մեր բոլորի նպատակների, շահերի և գործի մեկտեղումն է` ի բարօրություն մեր հայրենիքի, ի փառս մեր հայոց պետականության և աշխարհասփյուռ հայրենակիցների:

«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ նախագահ Գևորգ Մանուկյանն իր կողմից «USA Armenian Life»-ի խմբագրին հավաստիացրել է մեր դպրոցի երիտասարդների անկոտրում կամքի և ամենօրյա պետականամետ գործունեություն ծավալելու պատրաստակամության մասին, երախտագիտություն հայտնել խմբագրին` մեծահոգաբար ապագայում շաբաթաթերթի էջերում մեր Դպրոցի և կազմակերպության գործունեությունը լուսաբանելու պատրաստակամության համար և պարոն Չափարյանին հրավիրել Հայաստան` լինելու մեր Դպրոցի առաջիկա բանախոսներից մեկը, ինչին պարոն Չափարյանը մեծ սիրով արձագանքել է. «Առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջապես ձեր Դպրոց պիտի գամ, գուցե նաև սկսիմ հաճախել»…

«Armenian Life»-ի խմբագիր Ափո Չափարյանի բացառիկ կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ.

Ափո Չափարյան - հանրային խոսնակ, հրատարակիչ, գրող, հեռուստատեսային հաղորդումների եւ թերթի մեկնաբան, բազմալեզու հանրության և հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի մասնագետ: Սահուն տիրապետում է հինգ օտար լեզուների:

1984թ-ից հիմնադրել է և առ այսօր նախագահում է «H.Y.E. Media» գործակալությունը, որը տասնամյակների ընթացքում դարձել է PR-ի և մարքեթինգի լավագույն հարթակ հանրության լայն շրջանակների և հատկապես տարբեր էթնիկ խմբերի` հայերի, ռուսների, արաբների, հույների, հրեաների, պարսիկների հաղորդակցման, տարբեր ազգերի ներդրողների մասին տեղեկացման:
Պարոն Չափարյանը հանդիսանում է նաև բազմալեզու էթնիկական օրացույցների հրատարակչական «Calencorp, Inc» եւ «Flagship Գրքեր, Inc» ընկերությունների նախագահը:

Նա սփյուռքում զբաղվում է ակտիվ քաղաքական և հասարակական գործունեությամբ արդեն ավելի քան 25 տարի: Վերջերս նշանակվել է որպես ԱՄՆ Միջազգային հեռարձակման (CUSIB) կոմիտեի Խորհրդատվական խորհրդի անդամ: Հանդիսանում է մի շարք հեղինակավոր քաղաքացիական եւ մասնագիտական կազմակերպությունների գործուն անդամ, ինչպիսիք են Վաշինգտոնում գործող Մամուլի ազգային ակումբը (ՄԱԱ), Լիբանանի Համաշխարհային մշակույթի միությունը (WLCU), Alliance Francaise-ը, Սիս հայրենակցական միությունը, մշակութային մի քանի այլ միություններ:

Պարոն Չափարյանն արձանագրել է նաև բավականին մեծ հաջողություններ ամերիկյան կինոարվեստում և ունի դերասանական հարուստ փորձառություններ բազմաթիվ ամերիկյան հեղինակավոր կինոարտադրողների կողմից ներկայացված ֆիլմերում, միջազգային փառատոններում, որոնց մասին, անշուշտ, ըստ կարևորության, առիթ կունենանք անդրադառնալ առանձին հոդվածով:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)