«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ նախագահի հրաժեշտի ՈւՂԵՐՁԸ
05 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() Սիրելի գործընկերներ և մեր գործունեությամբ հետաքրքրված հարգելի բարեկամ.
«ՊԳԵԴ» Հ/Կ-ի եռամյա փայլուն գործունեության և իմ մասնագիտական գործունեության արդյունքում ինձ ընձեռվել է բացառիկ հնարավորություն՝ գիտակրթական և հասարակական գործունեություն ծավալել ԱՄՆ հայ գաղթօջախներում, որի փորձը, հավանաբար քչերը գիտեն, ես ունեի դեռևս Մերձավոր Արևելքի հայ խոշոր գաղթօջախներում գործելու տարիներից: Ինչպես հիշում եք, 2014թ-ին լրացավ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի կրթական-հասարակական գործունեության երեք տարին: Այդ տարիները լի էին վերելքներով և նշանակալից ձեռքբերումներով. Ավաղ, անհնար էր նաև խուսափել անհաջողություններից և դժվարություններից: Այնուհանդերձ մենք կարողացանք ամրապնդել մեր դիրքերը հասարակական գործունեություն և ոչ ֆորմալ կրթություն ապահովող բազմաթիվ կազմակերպությունների կողքին, դեռ ավելին, լավագույնների հետ միասին անդամակցեցինք Միավորված Ազգերի Կազմակերպության երիտասարդական գլոբալ ցանցին, իսկ մեր Հ/Կ մի քանի երիտասարդներ էլ մրցույթով ընտրվել են Մոնտենեգրոյում դեկտեմբերին տեղի ունենալիք NATO-ի երիտասարդական մոդել գագաթնաժողովի Հայաստանի պատվիրակության կազմում: Այս պահին չեմ ուզում խոսել մեր եռամյա անցած ուղղու մասին, այլ դրա շնորհիվ ևս մեկ բացառիկ ձեռքբերման, որը հնարավորություն է տալիս մեզ ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրական սահմանները և ճանաչողության հորիզոնները: ԱՄՆ մի շարք քաղաքների սփյուռքահայ կրթական և մշակութային կյանքի կազմակերպիչներ, հետաքրքրված լինելով մեր Դպրոցի նպատակներով և հետևելով մեր գործունեությանը, ցանկություն են հայտնել համագործակցել մեզ հետ՝ համատեղ աշխատանքներ ծավալել սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, պատանիների և երիտասարդների շրջանում՝ այնտեղ ևս պետականամետ գիտելիքներ տարածելու, հայրենատեր սերնդին իր հայրենիքի առօրյա հաղթանակների ու մարտահրավերների, տարածաշրջանային իրադարձությունների մասին առավել ամբողջական, իրական և անաչառ մտքերի ու գաղափարների տարածման ու փոխանակման ծրագրերի հիմնադրման բարի նպատակներով: Երկարատև քննարկումներից և հստակեցումներից հետո, մեր համատեղ համաձայնության արդյունքում, որոշվեց ծրագրի մեկնարկն սկսել Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի հայաշատ քաղաքներից: Սիրելի գործընկերներ և համագործակցող կազմակերպություններ, Անորոշ, բայց երկարաժամկետ բացակայությանս հետևանքով չեմ ուզում որևէ կերպ սասանվի մեր Դպրոցի հետ կապը ձեզանից որևէ մեկի հետ: Այդ նպատակով խնդրում և տեղեկացնում եմ ձեզ, որ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի և ԲՀԿ ԿՔԾ Կենտրոնի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել ներքոհիշյալ պատասխանատու մարդկանց. 1. «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ նախագահ Գևորգ Մանուկյանի առաջարկով Հ/Կ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զորիկ Հանիսյանը 2. ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ղեկավարի որոշմամբ ԲՀԿ ԿՔԾ Կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալբերտ Գասպարյանը: Վստահ եմ՝ Զորիկ Հանիսյանը և Ալբերտ Գասպարյանը, ովքեր ինձ հետ են եղել մեր Դպրոցի կայացման հենց առաջին տարիներից, կարող են անել ավելին, քան ես կարողացել եմ և կիրականացնեն բոլոր այն ծրագրերը, որոնք ինձ համար անհնարին էին թվում: Եվ ահա, ժամեր անց ես «ստիպված» եմ լինելու հեռանալ ինձ համար շատ սիրելի քաղաքից, երկրից և ինձ հարգող համաքաղաքացիներից, ընկերներից և առողջ ընդդիմախոսներից: Մաղթում եմ բոլորիս առավել արդյունավետ աշխատանք, համագործակցային, փոխշահավետ առատ հնարավորություններ՝ ի բարօրություն մեր երիտասարդների և մեր հանրության: Ամեն կերպ սատարելու եմ և միշտ ձեր կողքին եմ լինելու՝ որտեղ էլ որ լինեմ և ինչպես որ Աստված կամենա: Միշտ ձեր ընկեր ու ձեզանից մեկը՝ Գևորգ Մանուկյան «ՊԳԵԴ- YSSF» Հ/Կ նախագահ, ԲՀԿ ԿՔԾ Կենտրոնի հիմնադիր ղեկավար |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|