NATO-ի Երիտասարդական Համաժողովը նոր մոդելավորում է ուսանողների և 18-28 տարեկան երիտասարդների համար, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս զբաղեցնել աշխարհում ճանաչված դիվանագետների դերը և լուծումներ փնտրել տարբեր քաղաքական և կոնֆլիկտային հարցերում: Համաժողովի ժամանակ քննարկվում են տարբեր միջազգային հարցեր` NATO-Ռուսաստան համագործակցությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված No 1325 բանաձևը, hամագործակցությունը ընդդեմ ահաբեկչության, NATO-ի ներկա և ապագա համագործակցությունները հյուսիսատլանտյան դաշինքին չանդամակցող այլ երկրների հետ, ինչպես նաև Աֆղանստանը 2014թ-ին և այլ միջազգային կարևորություն ներկայացնող թեմաներ:
Համաժողովի նպատակներից է նաև NATO-ի անդամ պետությունների ռազմական անվտանգության և քաղաքական հիմնահարցերի, ինչպես նաև համաշխարհային անվտանգության ասպարեզում NATO-ի դերի և ազդեցության մասին իրազեկումը` էֆեկտիվ դիվանագիտության, տնտեսական և ռազմական համագործակցության, անսպասելի ճգնաժամային իրավիճակներում համարժեք քայլերի ձեռնարկման և մի շարք այլ կարևոր հմտությունների վերաբերյալ:
Անթաքույց ուրախությամբ ուզում ենք ազդարարել, որ այս բացառիկ Համաժողովին մասնակցելու իրավունք են ստացել նաև ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն ներկայացնող երիտասարդներն, ովքեր 2014թ դեկտեմբերի 1-ին կմեկնեն Մոնտենեգրո` NATO-ի Երիտասարդական Համաժողովի մինչև դեկտեմբերի 9-ը ընթացող աշխատանքներին մասնակցելու համար: Մեր պատվիրակության ղեկավար Գառնիկ Դավթյանը դեռևս 2013թ-ին Բելգիայում մասնակցել է նշված համաժողովին և ընտրվել է որպես Հայկական Պատվիրակության Դեսպան: Այս տարի բավականին բարդ գործընթացների և մրցույթների մասնակցության արդյունքում արդեն արձանագրում ենք մեր հաջորդ և հերթական հաջողությունը` Համաժողովի աշխատանքների մասնակիցների թվում ունենալով մեր հասարակական կազմակերպությունը ներկայացնող ևս 4 երիտասարդ, ովքեր մտահոգված են աշխարհում կատարվելիք քաղաքական իրադարձություններով և ցանկանում են իրենց լուման ներդնել համայն մարդկության անվտանգությանն ուղղված մարտահրավերներին դիմագրավվելու գործում: Հայկական պատվիրակության դեսպան-ղեկավար Գառնիկ Դավթյանի տեղեկացմամբ, համեմատելով անցած տարվա տվյալների հետ, այս տարի Հայաստանից դիմել էին բավականին թվով մասնակիցներ, որոնց կազմում քիչ չէին նաև դելեգացիոն դիմում հայտերը: «Շատ ուրախ եմ, որ գործում էր մրցունակ պայքար, որտեղ միանշանակ պետք է հաղթեր լավագույնը: Եվ այդ լավագույնը հանդիսացավ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի պատվիրակությունը, ինչն առավել քան պարտավորեցնող է, ուրախացնող և մեր հասարակական թիմի համար մեծ ձեռքբերում», - ասաց Գառնիկ Դավթյանը, ում հավաստմամբ, ինքը երբեք չի վախենում գործելուց. միակ վախը, որն ունի, դա անգործության մատնվելն է: Ահա այսպիսին է Գառնիկի ապրելու, գործելու բանաձևը և յուրաքանչյուր ՊԳԵԴ-ցու մտածելակերպը:
Հայկական Պատվիրակության Դեսպան- ղեկավարի հավաստմամբ, մեր թիմը բավականին մարտունակ է և մրցունակ, քանի որ այն ներկայացնում են հիրավի կրթված և բանիմաց երիտասարդներ, իրենց գործի նվիրյալներ և իրենց մասնագիտություններում առաջավոր ուսանողներ: Մեծ սիրով ներկայացնում ենք նրանց. 1.Լիլիթ Մովսիսյան- Միջազգային Հարաբերություններ, Քաղաքագիտություն բաժին, 2. Անժելա Կժդրյան- Արևելագիտություն,Արաբագիտության բաժին, 3. Մարինե Գևորգյան- Միջազգային Հարաբերություններ, Դիվանագիտության բաժին:
ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար կազմն իր շնորհակալությունն է հայտնում նշված երիտասարդներին` իրենց փայլուն մարդկային և մասնագիտական որակների համար, մաղթում է բացառիկ հաջողություններ` ինչպես արտերկրյա համաժողովներում, այնպես էլ ներպետական ցանկացած հարթակներում: Մենք հպարտ ենք, որ մեր շարքերը համալրված են բացառապես արժեքավոր ու արհեստավարժ երիտասարդներով, վաղվա հմուտ կառավարիչներով և պատվի զգացում ունեցող ղեկավարներով: