2014 թ Սեպտեմբերի 2-ին լրացավ ԼՂՀ-ի անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարին: Այդ կապակցությամբ օրերս «ՊԳԵԴ»-ում հետաքրքիր դասախոսություն էր պատրաստել մեր ուսանողուհի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Արևիկ Խուդոյանը՝ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ Ու ՆՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ» թեմայով:
Արևիկը բավականին հաջող մեթոդիկա էր ընտրել պատմական հագեցած նյութի մատչելի մատուցման համար, օգտագործելով նաև բավականին հաջողված փաստավավերագրական նյութեր: Ուշագրավ էր, որ բանախոսը, որպես իր դասի սկիզբ, ընտրել էր Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետևյալ խոսքերը. «Դժվար է մեր ուղին, բայց նպատակը վեհ է, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»:
Երիտասարդ պատմաբանը բավականին հանգամանորեն և հմուտ կերպով ներկայացրեց Ղարաբաղյան հարցի մանրամասները, պատմական դեպքերի ժամանկագրությունը՝ սկսած 20-րդ դարի սկզբներից մինչև մեր օրերը, լսարանին ներկայացրեց բավականին ուշագրավ փաստաթղթեր և իրադարձություններ, որոնք մինչ այժմ շատերին անհայտ էր:
Օրվա խորհրդի առիթով մենք հրավիրել էինք նաև Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի սպա, կապիտան, զինվորական նախկին ավագ դասախոս Արթուր Եղիազարյանին, ում պատիվ ունեցանք հյուրընկալել մեր հարկի ներքո: Սեմինար-քննարկումն ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձնելու նպատակով նա մեծ սիրով մեզ փոխանցեց իր պրակտիկ փորձն ու գիտելիքները: Պարոն Եղիազարյանը պատմեց իր մարտական ուղու մասին, ծառայության ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի, ռազմական գործողությունների մանրամասների մասին, համեմատական անցկացրեց հայոց բանակի պատրաստակամության այժմյան և նախկին վիճակի մասին: Անդրադարձ կատարվեց ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին, միջազգային հարաբերությունների լուրջ սուբյեկտ-դերակատարների շահերի բախման կետերին, միջազգային դիվանագիտության երկստանդարտ լինելուն:
Հատկանշական էր այն հանգամանքը, որ Արթուր Եղիազարյանը հորդորեց ուսանողներին նախ ՃԱՆԱՉԵԼ Հայրենիքը, քանի որ իրապես կարելի է ՍԻՐԵԼ ու նվիրվել այն արժեքին, որը ճանաչում ես ու կրում սրտում: Քանզի այն անհատը, ով իրազեկ չէ իր հայրենիքի անցած պատմական ուղու մանրամասներին, նա չի էլ կարող անձնվիրաբար գնահատել, արժևորել և պահպանել այն:
«ՊԳԵԴ» ուսանողներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Արևիկ Խուդոյանին և Արթուր Եղիազարյանին՝ հետաքրքիր, հիշարժան և հարուստ տեղեկատվություն պարունակող սեմինար-քննարկում իրականացնելու համար, ինչի շնորհիվ մեր բոլորիս ռազմահայրենասիրական ոգին և մտավոր ներուժը, համոզված ենք, գերզանցեց շատերին: