2014թ-ի մարտի 5-ին ազգային, ռազմական ու նշանավոր պետական գործիչ Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան:
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» մի խումբ ուսանողներ չէին կարող անմասն մնալ Սպարապետի տարեդարձին իրենց երախտիքի ու հարգանքի բաժին տուրքը մատուցելուց և Սպարապետի զինակիցների հետ այդ հիշարժան օրը համազգային տոնախմբություն դարձնելուց:
Մեր ուսանողների հետ էր նաև Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով հայտնեց իր շնորհակալական խոսքերը մեր ուսանողներին, ովքեր այսօր այցելել էին Վազգենին:
Խիստ հուզիչ է, երբ մի մարդու պարտական ու շնորհակալ ես քո ողջ կյանքով, բայց նահատակված լինելու պատճառով իր փոխարեն շնորհակալություն են հայտնում քեզ ու ընդամենն այն բանի համար, որ հիշել ենք նրան: Սա առավել քան զգոնացնում է մեզ, կենցաղային տարբեր ու երբեմն ոչ հույժ կարևոր և տարրատեսակ հոգսերով բեռնված մահկանացուներիս՝ երբեք չկարևորել մեր կենցաղը, երբ մեկ ուրիշը մեր այդ ճղճիմ կենցաղի համար իր կյանքն է նվիրաբերել ու իր բոլոր գարունները:
Շնորհակալություն ու ՓԱՌՔ քեզ, ՍՊԱՐԱՊԵՏ, որ քո 55 և մնացյալ բոլոր գարունները նվիրաբերել ես մեզ ու, ցավոք նաև, քո թռիչքն ընդհատողներին: