«Պետական Գործիչների Երիտասարդական դպրոցը» 2014թ-ի ուսումնական տարին սկսեց Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանի դասախոսությամբ, որը նվիրված էր կոնֆլիկտներին, նրանց տեսակներին, կառուցվածքին, զարգացման փուլերին, հանգուցալուծմանն ու հնարավոր ձևափոխմանը (տրասնֆորմացմանը): ժամանակակից տեխնիկական միջոցների և դասավանդման արդի մեթոդաբանության օգտագործման շնորհիվ, ուսանողներն անմիջապես ներգրավվեցին կոնֆլիկտի ուսումնասիրման գործընթացի մեջ, կարողացան կատարել ինքնուրույն համեմատություններ, վերլուծություններ, համադրումներ, իսկ ոմանք էլ, նախկինում տեղյակ լինելով խնդրին, կարողացան վերհիշել առանձին դրվագներ պատմությունից և խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններից:
Դասախոսության բովանդակությունը բավականին տարողունակ էր, հագեցած ժամանակակից ու պատմական օրինակներով, ընդհուպ մինչև կենցաղային իրավիճակների նկարագրություններով, որոնք ավելի հեշտացնում էին առաջին հայացքից բարդ թվացող երևույթների ընկալումը և որոշ իրադարձությունների միջև հորիզոնականներ անցկացնելու գործընթացը:
Հետաքրքիր էր բանախոսի այն պնդումը, որ երբեմն կոնֆլիկտներից չպետք է խուսափել, այլ հակառակը, նույնիսկ ավելի լավ է երբեմն դրանք սկսել ավելի վաղ փուլում, քանի որ երկարատև ձգձգվող՝
խրոնիկական կոնֆլիկտներն, ավելի մեծ կորուստներ են պատճառում, պահանջում են ավելի շատ ռեսուրսներ ու դրանց օգտագործում, քան հենց կոնֆլիկտի ժամանակ կարելի էր օգտագործել: Լատենդ՝ թաքնված կոնֆլիկտների ժամանակ հակամարտության գերլարումը շատ թանկ է նստում կողմերի վրա: Կուտակվում են այսպես կոչված
«էներգետիկ կարողություններ», որոնց ժայթքումը կարող է հանգեցնել ավելի կործանիչ հետևանքների: Ուստի որոշ պայմաններում թերևս նպատակահարմար է արագացնել հակառակորդների բախումը: Դա մի կողմից հնարավորություն կտա խուսափել հակամարտության գերլարման ավելի վտանգավոր ձևերից, մյուս կողմից՝ կստիպի հակամարտող կողմերին փնտրել կոնֆլիկտը հաղթահարելու ուղիներ:
Ուսանողներին առավել շատ հետաքրքրեց բանախոսի կողմից ներկայացված
ԿՈՆՖԼԻԿՏԻ ԳԻՆԸ և ԿՈՆՖԼԻԿՏԻՑ ԴՈւՐՍ ԳԱԼՈւ ԳԻՆԸ տերմինների հստակեցումը, դրանց բաղկացուցիչների նկարագրությունները, ինչպես նաև դրանց հանրագումարի արդյունքում ստացված պատասխանները, որոնցից էլ կախված է այս կամ այն կոնֆլիկտի արդյունավետ կամ անիմաստ լինելը:
Ամենևին էլ չցանկանալով մանրամասնորեն նկարագրել դասախոսության բոլոր գլուխներն ու բաժինները, կարելի է հստակ ասել, որ դասին ներկա բոլոր մասնակիցները գոհ էին ստացված ինչպես գիտելիքներից, այնպես էլ խորհուրդներից, քանի որ նույնիսկ դասի ավարտից հետո ուսանողները չէին դադարում տարբեր մասնավոր դեպքերի քննարկումները: «Պետական Գործիչների Երիտասարդական դպրոցը» հավատացնում է, որ 2014թ-ին նման հանդիպում-դասախոսությունները լինելու են ավելի շատ ու որակապես մեկը մյուսին գերազանցող, քանի որ տարբեր հասարակական-երիտասարդական կազմակերպությունների հետ արդեն ձեռք են բերվել համագործակցության մի շարք պայմանավորվածություններ, որոնք մոտ ապագայում ևս կլուսաբանվեն մեր Դպրոցի կայքէջում: