2012թ-ի հոկտեմբերի 27-ին մեր Դպրոցի հյուրն ու բանախոսը ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էր:
Ավանդույթի համաձայն, պատգամավորը, մինչև ուսանողների հետ հանդիպելը, նախ ծանոթացավ մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ստեղծման պատմությանը, տեղեկացավ Կենտրոնի գործունեությանը, շրջայց կատարեց Կենտրոնի հարկաբաժնում: Պատգամավորը, չթաքցնելով իր դրական վերաբերմունքը շարունակական կրթությունը կարևորող ուսանողների նկատմամբ, հավելեց, որ միշտ պատրաստակամ է այցելել Դպրոց՝ համատեղ ծրագրերի մշակման, քննարկումների, երիտասարդների իրավունքների իրականացմանը խոչընդոտող ցանկացած երևույթներին լուծում տալու և աջակցելու նպատակով:
Ուսանողների հետ հանդիպումն այս անգամ ևս առանձնացավ ուսանողների համարձակ հարցադրումներով, անմիջական շփման բովանդակությամբ և մի շարք երևույթների ու բացթողումների նկատմամբ իրենց անկեղծ մտահոգությունների բարձրաձայնմամբ: Հետաքրքիր էր, որ ուսանողների հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում էր հասարակության ու երկրի տնտեսության բավականին ընդգրկուն սպեկտր: Եղան հարցադրումներ Աշխատանքային, Ոստիկանության, Քրեակատարողական հիմնարկների, Հանրակրթության մասին ՀՀ օրենսդրությունից, ընտանիքում բռնությունների հանդեպ օրենսդրական և հասարակական կազմակերպությունների կողմից ապահովվող պաշտպանվածության հիմքերից, հաշմանդամ մարդկանց հասարակությանը ինտեգրվելուն միտված նախաձեռնություններից և առաջիկայում վերը նշված ոլորտներում ակնկալվող բարեփոխումներից: Տեղեկացված լինելով նաև, որ Էլինար Վարդանյանը միաժամանակ զբաղվում է «Հեռանկար» բարեգործական ծրագրի գիտա-մշակութային բաժնի աշխատանքների համակարգմամբ, ուսանողների կողմից նրան տրվեցին նաև այնպիսի հարցեր, որոնց շնորհիվ հստակեցվեցին այդ ծրագրի առաջնահերթություններն ու հետարքրությունների շրջանակը:
Մեր Կենտրոնի մի շարք երիտասարդներ բարձրացրեցին նաև զուտ երիտասարդներին հատուկ հիմնախնդիրներ՝ կապված ուսման, աշխատանքի, զբաղվածության, քաղաքական գործընթացներում իրենց ներգրավվածության:
Դպրոցի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը, եզրափակելով հանդիպումը, իր շնորհակալական խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ համանման հանդիպումները ոգևորում են երիտասարդներին, նրանց մեջ ամրապնդում ավագ սերնդի քաղաքական գործիչների հետ գործընկերային ու փոխադարձ հարգանքի հարաբերություններ, որոնք պարտավորեցնում են երիտասարդներին և դարձնում առավել պատասխանատու՝ իրենց գործունեության, խոսքի և գործի նկատմամբ: