Հումանիտար գիտությունների ամառային ծրագիր
15 Մարտի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Նկարագրություն
Առաջաբան Ուրախությամբ հայտնում ենք, որ 2012 թվականի հուլիսին Հայաստանում տեղի կունենա «Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնության» (Armenian Higher Education Inititative - www.armhei.org ) կողմից կազմակերպվող հասարակագիտական երկշաբաթյա ամառային ծրագիրը։ Ծրագիրը նպատակ ունի համախմբել ավագ կուրսերում սովորող թվով 20-25 ուսանողների, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կիրառական հմտություններ, ծանոթանալ հասակակիցների հետ և սովորել միմյանցից, ինչպես նաև Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից։ Ամառային ծրագրի ուսանողները կմասնակցեն դասախոսությունների և գործնական քննարկումների, հնարավորություն կունենան հանդիպել հասարակական և քաղաքական գործիչների։ Ուսուցման ավարտին բոլոր մասնակիցները կներկայացնեն հաջորդ մեկ տարվա ընթացքում կատարվելիք խմբային հետազոտությունների թեմաներն ու նախագծերը։ Բովանդակություն Ծրագրի օրակարգը հագեցած է լինելու։ Այն ունի հասարակագիտական ուղղվածություն: Դասախոսություններ կլինեն հումանիտար և հասարակական գիտությունների մեթոդաբանության, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության, հակամարտությունների լուծման, ինչպես նաև գործարար հաղորդակցության հմտությունների վերաբերյալ: Նախատեսվում է մասնակիցներին ընդգրկել երկու մասնագիտական խմբերում, որոնց շրջանակներում առանձին-առանձին կներկայացվեն ու կքննարկվեն տվյալ ուղղությանն առնչվող մեթոդաբանական հիմնախնդիրներ։ Հասարակական գիտությունների խմբի ուշադրության կենտրոնում կլինեն քաղաքագիտական հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, հետազոտությունների իրականացման ընթացքում ծագող կիրառական խնդիրները, ինչպես նաև հետազոտությունների կիրառականության ապահովման հետ կապված հիմնահարցեր։ Հումանիտար խմբի ուշադրության կենտրոնում կլինեն պատմագիտության հիմնախնդիրները: Անդրադարձ կկատարվի նաև արվեստի և արվեստի պատմության ուսումնասիրության մեթոդաբանական հարցերին: Մասնագիտական խմբերի շրջանակներում դասախոսությունները և քննարկումները տեղի կունենան աշխատանքային օրերի ընթացքում՝ ընդգրկելով օրվա առաջին կեսը։ Օրվա երկրորդ հատվածի ընթացքում բոլոր ուսանողները կմասնակցեն մասնագիտական հմտությունների զարգացման գործնական պարապմունքների և թեմատիկ դասախոսությունների, որոնք կներառեն նաև այլ հասարակագիտական առարկաներ։ Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու որոշակի պարբերականությամբ կազմակերպվողերեկոյան զրույցներին, որոնց ընթացքում ամառային դպրոցում կհյուրընկալվեն ճանաչում ունեցող հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ։ Գրանցման պայմաններ Ամառային ծրագրին կարող են մասնակցել ուսանողներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից և Թուրքիայից։ Ծրագրին կարող են գրանցվել 2011 – 2012 ուսումնական տարվա ընթացքում ցանկացած ԲՈՒՀ-ի ավագ կուրսերի այն ուսանողները (ցանկալի է երրորդ և բարձր), ովքեր ստանում են հասարակագիտական և հումանիտար կրթություն։ Ամառային ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է։ Մասնակցությունը ամառային ծրագրին ԱՆՎՃԱՐ է։ Դիմելու կարգ Բոլոր հետաքրքրված ուսանողները պետք է լրացնեն կից ներկայացված դիմումաձևը և համառոտ ինքնակենսագրականի (Resume) հետ միասին մինչև 2012թ. ապրիլի 30-ը ուղարկեն info@armhei.org հասցեին։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել info@armhei.org: Ուշադրություն՝ Ծրագրի բյուջեն դեռևս ենթակա է հաստատման։ Announcement Summer Program (pdf) Application Form Summer Program (doc) |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|