2011թ նոյեմբերի 23-ին մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը հյուրընկալել էր Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (EPP) փաստահավաք հանձնախմբի անդամներին:
Մեր եվրոպացի հյուրերին ներկայացվեց ԿՔԾ կենտրոնի գործունեությունն ու նպատակները, իրականացրած ծրագրերն ու առաջիկա նախագծերը: Իտալիան ներկայացնող պատվիրակ Ալֆրեդո Մացոչչին հետաքրքրված էր միջազգային համագործակցությամբ և քանի որ հանդիսանում էր Իտալիայում գործող ավագ դպրոցի տնօրեն, պատրաստակամություն հայտնեց աջակցելու և նպաստելու փոխադարձ կապերի հաստատմանը: Հանդիպման վերջում եվրոպացի հյուրերը չէին կարողանում թաքցնել իրենց հիացմունքը՝ կենտրոնի գործունեության, նրա անձնակազմի, օտար լեզուների տիրապետման և կրթության շուրջ բոլորին մեկ հարկի ներքո միավորելու այս հրաշալի գաղափարի վերաբերյալ:
Մեզ համար առավել նշանակալից էր մեր հյուրերի այն գնահատականը, որ նման մեկ այլ կենտրոն ու երիտասարդ ապագա քաղաքական ու պետական գործիչների վերապատրաստման կրթական դարբնոց ոչ միայն Հայաստանում, այլև Կովկասյան տարածաշրջանում, գրեթե չկա: Նրանք նշեցին նաև, որ Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոն ունենալու գաղափարը աննախադեպ ու հաջողված նախագիծ է, որը պետք է պահպանել ու զարգացնել:
Շնորհակալություն մեր հյուրերին, երախտապարտ ենք մեզ աջակցողներին: