2011թ. հունիսի 23-ին տեղի ունեցավ Կրթական-Քաղաքական Ծրագրերի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որի գործունեության համար շենքային և տեխնիկական միջոցներ էր հատկացրել ՀՀ ԱԺ պատգամավոր և բարերար պարոն Գագիկ Ծառուկյանը: Մեկ հարկի տակ էին հավաքվել մտավոր մեծ ուժ ունեցող երիտասարդներ, ովքեր ծրագրի շրջանակներում ուսումնառություն են ստանալու: Ողջունելով Կրթական կենտրոնի առաջին հարյուր ուսանողներին, Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ երիտասարդների համար գիտելիքներ ստանալու այս ծրագիրը շարունակական է լինելու, իսկ ստացված գիտելիքները ներդրվելու են Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:
Մինչ այդ` 2011թ. մայիսի 7-ին անցկացվել էր Կրթական կենտրոնի ընդունելության հարցազրուցային փուլը: Հայտատուների թվում էին նաև քաղաքական, քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների անդամներ,ինչպես նաև երիտասարդ կուսակցականներ` տարբեր քաղաքական թևերից և ոչ կուսակցականներ: Ինչպես նշեց Կրթական կենտրոնի հիմնադիր-նախագահ Գևորգ Մանուկյանը, կրթությունը լինելու է եռաստիճան, յուրաքանչյուր փուլն ավարտողները հանձնելու են ավարտական քննություններ: